News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ընտրությունների վերահսկման միասնական շտաբի կողմից ընտրողների ցուցակները տրամադրելու հարցով Սահմանադրական դատարան դիմելը նախընտրական «տրյուկ» է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

«Ինձ համար առնվազն զավեշտ է մեր կոալիցիոն գործընկերների պահվածքը: Երբ մենք Ընտրական օրենսգիրքը ներկայացնում էինք, ես, որպես Ընտրական օրենսգրքի համահեղինակներից մեկը, կարող եմ ասել, որ կոալիցիոն գործընկերների (ԲՀԿ-ի-խմբ.) կողմից նման պահանջ չի հնչեցվել: Բոլորովին վերջերս նման պահանջով հանդես եկան ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը», եւ մենք պարզաբանեցինք, թե որն է խնդիրը` մասնակցության գաղտնիության սկզբունքը: Այդ ցուցակները, նախեւառաջ բոլորին հասանելի են, քանի որ փակցված են, իսկ ընտրությունների օրը, եթե որեւէ կասկած կա, կարող են դատական կարգով բողոքարկել եւ մասնակիցների ցուցակը տեղամաս առ տեղամաս պահանջել: Որեւէ խոչընդոտ չկա»,- նշեց Հովհաննես Սահակյանը եւ հավելեց. «Այս քայլը նախընտրական PR, կամ ժողովրդի լեզվով ասած` նախընտրական «տրյուկ» է: Թող այդ կուսակցությունները նախեւառաջ վերահսկեն իրենց ցուցակները, իրենց կատարած խախտումները, նոր փորձեն պահանջել: Իսկ օրենքում հստակ սահմանված է, թե ոնց եւ ինչ կարգով այդ ցուցակները կարող են հասանելի լինել: Առավել եւս որ եւ ընդդիմությունը, եւ իշխանությունը հանձնաժողովների անդամների միջոցով կարող են վերահսկել, տեսաձայնագրությունն էլ հասանելի է բոլորին»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ընտրությունների վերահսկման միասնական շտաբը մտադիր է դիմել Սահմանադրական դատարան` խնդրելով թույլատրելի քվեարկող քաղաքացիների ցուցակը, քանի որ ընտրողների ցուցակներում «մեռած հոգիներ» կան: Այդ մասին միասնական շտաբի հերթփական նիստում հայտարարել էր Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը` նկատելով, որ տվյալ որոշումն ընդունվել է ապրիլի 25-ին աշխատանքային նիստում: Նրա խոսքով, որպեսզի ՍԴ-ն սկսի դիմումի քննարկումը եւ չեղյալ հայտարարի Ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածները, հարկավոր է 27 պատգամավորի ստորագրությունը: «Խոսքը չի գնում գաղտնի քվեարկության մասին, պարզապես ցուցակներում մոտ 400 հազար մարդու անուն է գրված, որոնք բացակայում են երկրից, եւ անհրաժեշտ է ցուցակների թափանցիկություն ապահովել»,- նշել էր Հովհաննիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ