News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Արա, Վիկտոր, բա դու մա՞րդ ես, բա դու գետինը չե՞ս մտնում, դու ո՞նց ես մտնում Վանաձոր: Այ անինքնասեր, արա բա դու նամուս չունե՞ս, արա բա դու թասիբ չունե՞ս»,- այսպես սկսեց Վանաձորում իր ելույթը Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը` նախընտրական քարոզչության շրջանակներում վանաձորցի ընտրողների հետ հանդիպման ժամանակ` նրանց հիշեցնելով պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի 2007թվականին բնակչության հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությունները:

«էդ էն նույն Վիկտորն էր չէ՞, որ 2007-ի ընտրություններին ձեզ, վանաձորցիներին բացատրում էր, թե ինչի են իրենք վատ ապրում, թոշակառուն ինչի է պակաս ստանում թոշակը, ասում էր` դե Սերժը գնում է Մոնտ-Կառլոյում, կազինոյում ստավկա ա դնում, կրվում ա, դրա համար էլ դուք քիչ եք ստանում, հիմա փաստորեն Վիկտորը Սերժի դրած ստավկեքի ֆիշկեքը իրա պլակատին ա դրել»,- ասել է Փաշինյանը:

Ըստ Նիկոլ Փաշինյանի, Հայ Ազգային կոնգրեսը միակ քաղաքական ուժն է, որը մարտի 1-ը բացահայտելու խնդիր է դրել: «Այն ժողովուրդը, որ իրան սպանողին ձայն կտա, ուրեմն այդ ժողովուրդը իրա ապագայից ա զրկվում»,- ասաց նա, հավելելով, որ թալանողները պետք է հայտնվեն բանտում, իսկ թալանվածը պետք է վերադարձվեն ժողովրդին:

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ իր ելույթում կետ առ կետ քննարկեց Սերժ Սարգսյանի նախորդ ընտրությունների նախընտըրական ծրագրերը, ու թե ինչու չի արել ու չի անելու, հարց ու պատասխանի միջոցով այն քննարկելով հավաքվածների հետ:

Ստեփան Դեմիրճյանն իր ելույթում, անդրադառնալով ներկա իշխանության ու կոալիցիայի գործելաոճին, նշեց, որ երկիրը դարձել է մի քանի մարդու սեփականություն, մի ամբողջ ժողովրդի մատնելով հուսալքության: «Քանի դեռ մեր երկրում չեն անցկացվում նորմալ ընտրություներ, ակնկալել դրական փոփոխություններ, անիմաստ է և ավելորդ»,- ասաց նա, նշելով, որ մայիսի 6-ին կայանալիք ընտրությունները տալիս են այդ հանարավորությունը:

Այնուհետ ՀԱԿ անդամները կոչ արեցին չվախենալ ոչնչից, տուրք չտալ տարբեր տիպի կեղծիքներին ու իրականացնել 30 վայրկյանանոց հեղափոխություն` քվեարկել միայն ու միայն ՀԱԿ-ի օգտին:

Տպել
Ամենաշատ