News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Լոռիի մարզի Լեռնապատ գյուղի գյուղապետ Վանո Եղիազարյանը մեկնաբանել է թիվ 29 ընտրատարածքում ՀԱԿ-ի թեկնածու Վահագն Մարտիրոսյանի հայտարարությունը, ըստ որի, իր մերձավորները մայիսի 2-ին բռնության եւ ծեծի են ենթարկել թիվ Վահագն Մարտիրոսյանի վստահված անձ Գեւորգ Մելքոնյանին:

«Գեւորգ Մելքոնյանը մայիսի 1-ին քարերով հարձակվել է հորս վրա, քարով խփել գլխին, գլուխը պատռված է, 4 կար են դրել: Բացի դրանից նաեւ Նորայր Թամարյանն է (նա եւս ՀԱԿ-ի թեկնածուի կողմնակիցն է-խմբ) հարձակվել հորս վրա քարերով, խփել հորս կողքին ու ջարդել 7-րդ կողոսկրը: Դա նաեւ դատաբժշկի եզրակացության մեջ կա, գործը ոստիկանությունում է»,- միջադեպի առնչությամբ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանը:

Գյուղապետը բացառեց միջադեպի մեջ քաղաքական տարրի առկայությունը, նշելով, որ Նորայր Թամարյանը եւ իր երկու եղբայրները արդեն երկու տարի է իր դեմ բողոքներ են գրում, պահանջելով իր հրաժարականը: «Իմ դեմ հարուցված էր քրեական գործ, երկու տարի նախաքննություն գնաց, դեկտեմբերի 21-ին քրեական գործը կարճվեց հանցակազմի բացակայության պատճառով, տղաս իր ընկերների հետ փողոցով գնալիս բարեւել է մեր տղաներից մեկին, որի կողքին եղել է նաեւ Նորայր Թամարյանը, քաղաքավարությունից դրդված տղաս ձեռքը մեկնել է նաեւ Նորայրին, սա էլ ասել ա, թե այ գ…, քեզ բարեւ չի հասնում, տղաս էլ մի հատ ապտակել է»,-պատմեց Վանո Եղիազարյանը, հավելելով, որ դրանից կես ժամ անց Գեւորգ Մելքոնյանը եւ Նորայր Թամարյանը կրկին հարձակվել են իր որդու վրա:

«Գեւորգը քարով խփել է տղայիս գլուխը ծակել, մինչեւ ես տղայիս բերեցի տուն, զանգեցին ասեցին, որ շուտ արի, հորդ խփել են, գլուխը ծակել, եկել եմ հորս էլ տարել հիվանդանոց»,-պատմեց գյուղապետը, հավելելով, որ այս ամենի հեղինակը ՀԱԿ թեկնածու Գեւորգ Մելքոնյանն է:

Գյուղապետի փոխանցմամբ, հոր առողջական վիճակը ծանր է, տանը անկողնային անշարժ պառկած է: «72 տարեկան մարդուն 40 տարեկան ավանակը հարձակվում է, քարով տալիս ջարդում, էնքան թե էդ մարդը կանգնել ասել է հեռու մնացեք իմ երեխեքից»:

Իսկ Նորիկ Թամարյանի կողմից արված հայտարարության հետ կապված, որով վերջինս ասել է, որ իրեն դանակահարել են, գյուղապետը զրպարտություն համարեց, նշելով, իրենք կատարվածի առնչությամբ  դիմել են ոստիկանություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ թիվ 29 ընտրատարածքում ՀԱԿ-ի թեկնածու Վահագն Մարտիրոսյանն ասուլիսում հայտարարել էր, որ Լոռիի մարզի Լեռնապատ գյուղի գյուղապետ Վանո Եղիազարյանի մերձավորները մայիսի 2-ին բռնության եւ ծեծի են ենթարկել իր վստահված անձ Գեւորգ Մելքոնյանին:

Վ. Մարտիրոսյանը հայտարարել էր նաեւ, որ իր ունեցած տեղեկություններով, գյուղապետի որդին դանակով հարվածել է իր համախոհ Նորիկ Թամարյանին: «Ծեծի փաստ կարող է անմիջականորեն կապված չլինել ընտրությունների հետ»,-ասել էր նա:

 

Տպել
Ամենաշատ