News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որեւէ բան չի մեկնաբանելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ի անդամ, 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի` կոալիցիա չկազմելու մասին հայտարարությանը:

Նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ համապարափակ ամեն ինչ նշված է: «Այլ խնդիրներ մենք չենք քննարկել: ԲՀԿ-ի մեծաթիվ` 37 հոգանոց խմբակցությունը խորհրդարանում աշխատելու է մի նպատակի` ժողովրդի բարեկեցության համար»,-ընդգծեց Զոհրաբյանը:

Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը եւս հրաժարվեց որեւէ մեկնաբանությամբ հանդես գալ: Նա չպատասխանեց նաեւ հարցին, թե արդյոք ուժի մեջ են ԲՀԿ համամասնական ցուցակով խորհրդարան անցած անձանց ինքնաբացարկների դիմումները, որոնց թվում են նաեւ նախարարներ Հարություն Քուշկյանը, Վարդան Վարդանյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ ԲՀԿ-ն նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը: Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ, որի նախնական արդյունքներով` Ազգային ժողով են անցնում 6 քաղաքական ուժեր` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, Ժառանգություն, ՀՅԴ եւ ՕԵԿ: Ըստ այդմ, ՀՀԿ-ն ստացել է 44,05 տոկոս ձայն, ԲՀԿ-ն` 30,2 տոկոս ձայն, ՀԱԿ-ը` 7,1 տոկոս ձայն, «Ժառանգությունը»` 5,79 տոկոս ձայն, ՀՅԴ-ն` 5,73 տոկոս ձայն, ՕԵԿ-ը` 5,49 տոկոս ձայն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ