Հայ ազգային կոնգրեսում ՀԱԿ համակարգողի հարցը չի քննարկվել: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց ՀՀՇ ղեկավար, Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` պատասխանելով հարցին, թե ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, ով նաեւ ՀԱԿ խմբակցության ղեկավարն է, կհամատեղի՞ երկու աշխատանքները, թե ՀԱԿ համակարգողի պաշտոնում այլ մարդ կնշանակվի:
Ինչ վերաբերում է ՀԱԿ խմբակցության ղեկավարի ընտրությանը, մասնավորապես, թե ինչու եւ ինչպես են որոշել, որ այն պետք է ղեկավարի Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ դա որոշել են խմբակցության անդամները: «Մենք օգտվել ենք մեր իրավունքից եւ խմբակցությունն իր կազմից ընտրել է Լեւոն Զուրաբյանին»,- ասաց նա` չցանկանալով մանրամասնել, թե ինչ չափանիշներով են ընտրել, քվեարկությամբ եւ այլն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 5-րդ գումարման Ազգային ժողովում Հայ ազգային կոնգրեսի խմբակցությունը կղեկավարի Լեւոն Զուրաբյանը, իսկ խմբակցության քարտուղար կլինի Արամ Մանուկյանը: Իսկ մինչ այդ լրատվամիջոցներում, որպես ՀԱԿ խմբակցության ղեկավար, շրջանառվում էր Հրանտ Բագրատյանի անունը, քանի որ, ըստ տարածված կարծիքի, նա կկարողանա Կառավարության նիստերին լավագույնս բարձրացնել մի շարք հարցեր:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ, որի նախնական արդյունքներով` Ազգային ժողով են անցնում 6 քաղաքական ուժեր` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, Ժառանգություն, ՀՅԴ եւ ՕԵԿ: Ըստ այդմ, ՀՀԿ-ն ստացել է 44,05 տոկոս ձայն (40 մանդատ), ԲՀԿ-ն` 30,2 տոկոս ձայն (28 մանդատ), ՀԱԿ-ը` 7,1 տոկոս ձայն (7 մանդատ), «Ժառանգությունը»` 5,79 տոկոս ձայն (5 մանդատ), ՀՅԴ-ն` 5,73 տոկոս ձայն (5 մանդատ), ՕԵԿ-ը` 5,49 տոկոս ձայն (5 մանդատ):
Նշենք, որ «Հայ ազգային կոնգրես» դաշինքի խմբակցությունը ունի հետեւյալ տեսքը:
Հրանտ Բագրատյան («Ազատություն» կուսակցություն)
Ստեփան Դեմիրճյան (ՀԺԿ)
Լեւոն Զուրաբյան (անկուսակցական)
Արամ Մանուկյան (ՀՀՇ)
Գագիկ Ջհանգիրյան (անկուսակցական)
Լյուդմիլա Սարգսյան (ՍԴՀԿ)
Նիկոլ Փաշինյան (անկուսակցական)