News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցում, հունիսի 7-ին, կայացել է «Միգրանտների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ վերաբերմունքի փոփոխմանն ուղղված միջոցառումների իրականացում» ծրագրի հերթական դասընթացը, որին մասնակցել են միգրանտների ընտանիքների շուրջ 30 անդամներ։

Ինչպես նշել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Լոռիի մարզի երիտասարդական կենտրոնի համակարգող Վահե Դոխոյանը, նման դասընթացներ իրականացվում են ոչ միայն մարզկենտրոն Վանաձորում, այլեւ գյուղական համայնքներում։ Դասընթացներին ներգրավվում են ինչպես միգրանտներ, այնպես էլ՝ նրանց ընտանիքի անդամներ։ Տեղեկատվական-կրթական սեմինարների նպատակն է բարձրացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկացվածության աստիճանը եւ կանխարգելել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածումը բնակչության միգրանտների խմբում:

Կենտրոնի աշխատակից Օֆելյա Ստեփանյանը նշում է, որ անհատական զրույցների ընթացքում այցելուներին հետաքրքրում են ՄԻԱՎ-ի կանխարգելման ուղիները, վարակման դեպքում՝ հետեւանքները։ Այցելուները ցանկանում են իմանալ, թե որտեղ կարող են հետազոտվել ՄԻԱՎ-ի նկատմամբ, արդյոք այդ հետազոտությունն իրականացվում է պետպատվերի շրջանակներում։ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունն անվճար է, կարող է կատարվել անանուն, եւ հետազոտության, ինչպես նաեւ արդյունքների գաղտնիությունը լիովին երաշխավորվում է:

Օֆելյա Ստեփանյանը նշում է, որ անհատական զրույցների հաճախող մարդիկ հիմնականում որոշակի տեղեկություններ ունենում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ, սակայն շատ անգամ այդ գիտելիքները մակերեսային են ու չճշտված, եւ իրենց նպատակն է առավել ստույգ ինֆորմացիա հաղորդել ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների, ախտորոշման, կանխարգելման վերաբերյալ։

Օֆելյա Ստեփանյանը նկատում է, որ այս թեմայով անհատական խորհրդատվության հիմնականում գալիս են կանայք՝ 18-ից մինչեւ 50 տարեկան։ 

Նշենք, որ «Միգրանտների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ վերաբերմունքի փոփոխմանն ուղղված միջոցառումների իրականացում» ծրագիրը Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարության հետ կնքված պայմանագրի շրջանակներում, «ՁԻԱՀ-ի, մալարիայի եւ տուբերկուլոզի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ:

Տպել
Ամենաշատ