News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Ֆուտբոլի 2012թ. Եվրոպայի առաջնությունը կմեկնարկի այսօր՝ հունիսի 8-ին,  Լեհաստանում եւ Ուկրաինայում կայանալիք խաղերով: NEWS.am-ը փորձել է պարզել, թե հայ քաղաքական գործիչները հետեւելո՞ւ են խաղերին, ո՞ր թիմերին են երկրպագելու, խաղադրույքներ անելո՞ւ են, թե` ոչ:

Մեր հարցումը ցույց է տալիս, որ քաղաքական գործիչների մի մասը ընդհանրապես չի հետաքրքրվում ֆուտբոլով, ոչ նայում է, ոչ տեղյակ է, փոխարենը` կան նաեւ ֆուտբոլի մեծ սիրահարներ, առանձին հավաքականների երկրպագուներ: Խաղերին հետեւող բոլոր գործիչներն էլ միանշանակ պնդեցին, որ խաղադրույքներ չեն արել եւ չեն պատրաստվում անել:

Ֆուտբոլի մեծ երկրպագու է ՀՅԴ անդամ Սպարտակ Սեյրանյանը, ով անպայման հետեւելու է Եվրո-2012-ի խաղերին: «Անշուշտ հետեւելու եմ, ես 1974 թվականից սկսած Գերմանիայի հավաքականի երկրապագու եմ եւ հուսամ այս տարի նրանք կհաղթեն»,- ասաց նա:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը եւս հետեւելու է խաղերին, բայց չի ցանկանում գուշակել, թե ով կլինի հաղթող: «Հաճույքով կնայեմ խաղերը, բարդ հարց է, խաղերի վերջում կասեմ ով կհաղթի»,- ասաց Արամ Սարգսյանը:

«Օրինաց երկիր» կուսակցության անդամ Դավիթ Կարապետյանը եւս մեծ ուշադրությամբ հետեւելու է ֆուտբոլի առաջնությանը այսօրվանից սկսած: Նա այսօր սպասելու է Չեխիայի հավաքականի հաղթանակին: Դավիթ Կարապետյանը մի քանի թիմերի նկատմամբ հատուկ սեր ունի, դրանք են` Ֆրանսիայի, Գերմանիայի, Չեխիայի հավաքականները, բայց  հատկապես կցանկանա «Եվրո-2012»-ում հաղթող տեսնել Ֆրանսիայի հավաքականին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը եւս մտադիր է հետեւել Եվրո-2012-ի խաղերին, թեեւ այսօր, գործերի բերումով, չի կարողանա հետեւել «Եվրո-2012» մեկնարկին: Նրա ամենասիրելի թիմը Հայաստանի հավաքականն է, հետո` «Բարսելոնան», դեռեւս չի կողմնորոշվել, թե ում կերկրպագի «Եվրո-2012»-ում: 

ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր` Վահե Հովհաննիսյանը եւս ֆուտբոլի մեծ սիրահար է, եւ արդեն նախապատրաստվում է հետեւելու այսօրվա խաղերին  Նա հաստատապես կհետեւի «Եվրո-2012»  բոլոր  խաղերին, բայց կցանկանար «Եվրո-2012»-ում հաղթող տեսնել Ուկրաինայի հավաքականին: 

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հետեւելու է «Եվրո-2012»-ի խաղերին, երկրպագելու է Իսպանիայի հավաքականին: «Իսպանիայի խաղն է միշտ դուրս եկել, Իսպանիան գեղեցիկ է խաղում, կուզենամ, որ չեմպիոն դառնա»,- ասաց «Ժառանգության» փոխնախագահը:

Իսկ ՀՀՇ վարչության նախագահ, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը ֆուտբոլին վերաբերում է ոչ թե որպես մրցակցության, այլեւ գեղեցիկի ցուցադրության: «Հետեւում եմ որպես մշակույթ, ոչ մեկին չեմ երկրպագում, ոչ մեկին դեմ չեմ»,- ասաց  նա:

Փոխարենը ՀԱԿ-ի անդամ Գագիկ Ջանգիրյանն ու ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը ֆուտբոլով բացարձակապես չեն հետաքրքրվում եւ չեն հետեւելու «Եվրո-2012»-ի խաղերին:

ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ ֆուտբոլի սիրահար չէ, սիրելի թիմ էլ չունի, բայց լավ խաղեր լինելու դեպքում դեմ չէ դիտել դրանք:

«Երբ իմանում եմ, որ լավ, գեղեցիկ խաղ է սպասվում, բոլորը խոսում են այդ մասին, հնարավոր է նայեմ»,- ասաց նա:

Նշենք, որ  Եվրո-2012-ի մրցանակային հիմնադրամը ռեկորդային է՝ 196 միլիոն եվրո։ Խմբային փուլում յուրաքանչյուր հաղթանակի համար թիմը կստանա մեկ միլիոն եվրո։ Նույնքան կստանան նաեւ մրցաշարն արդեն խմբային փուլում ավարտած թիմերը։ Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար ՈւԵՖԱ-ն կպարգեւատրի երկու միլիոն եվրոյով, կիսաեզրափակիչի համար՝ երեք միլիոն։ Եզրափակիչի հաղթող թիմը կստանա 7,5 միլիոն եվրո, արծաթե մեդալակիրը՝ 4,5 միլիոն։: Եթե չեմպիոնը հաղթի բոլոր խաղերում, ապա մրցանակային գումարը կկազմի 23,5 միլիոն եվրո, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Լեհաստանում եւ Ուկրաինայում կայանալիք ֆուտբոլի 2012թ. Եվրոպայի առաջնությունը կմեկնարկի այսօր՝ հունիսի 8-ին: Բացման խաղում կհանդիպեն Լեհաստանի եւ Հունաստանի ազգային հավաքականները: Հանդիպումը կկայանա Վարշավայի Ազգային ստադիոնում Երեւանի ժամանակով 20:00-ին: Առաջին խաղային օրվա մյուս խաղում կմրցեն Ռուսաստանի եւ Չեխիայի թիմերը: Երեւանի ժամանակով 22:45-ին մեկնարկող խաղը տեղի կունենա Վրոցլավի Քաղաքային ստադիոնում: Մրցաշարի բացման համար կազմակերպիչները պատրաստել են գեղեցիկ շոու, որին կմասնակցեն տարբեր երկրների ներկայացուցիչներ: Շոուի մանրամասները գաղտնի են պահվում: Միայն հայտնի է, որ հունգարացի դաշնակահար Ադամ Դյորդը կկատարի հայտնի լեհ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենի էտյուդները, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Լեհաստանում նախատեսված հանդիպումները կկայանան Վարշավայում, Պոզնանում, Գդանսկում եւ Վրոցլավում: Ուկրաինական քաղաքներից Եվրո-2012-ի հանդիպումները կկայանան Կիեւում, Խարկովում, Լվովում եւ Դոնեցկում: Եվրո-2012-ի երզափակիչը տեղի կունենա հուլիսի 1-ին Կիեւի «Օլիմպիական» ստադիոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ