News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 29
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային հատվածում (Հորադիզի ուղղությամբ)  հունիսի 5-ի, լույս 6-ի գիշերը` ժամը 04.15-ի սահմանում հակառակորդի դիվերսիոն խմբի վնասազերծման գործողության ժամանակ զոհված  կրտսեր սերժանտ Վարդան Ռոբերտի Օհանյանը  զորակոչվել էր բանակ 2011թ գարնանը` Աշտարակի զինկոմիսարիատից:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը:

Նա նշեց, որ զինծառայողը 20 տարեկան էր, եւ մեկ տարուց պետք է ավարտեր ծառայությունը:

Նրա մահվան փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում  2-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՔՕ-ի 34-104  հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ եւ 13-րդ կետերով (սպանության փորձ 2 կամ ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով. ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեգարության շարժառիթով) եւ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 13-րդ կետերով (սպանություն` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեգարության շարժառիթով):

Ավելի վաղ  NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 5-ի, լույս 6-ի գիշերը` ժամը 04.15-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային հատվածում (Հորադիզի ուղղությամբ) հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի կողմից ձեռնարկվել էր ԼՂՀ ՊԲ-ի մարտական դիրքերից մեկը ներթափանցելու հերթական փորձը: Ղարաբաղյան ուժերի առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով դարանակալ հակառակորդի նախահարձակ գործողությունը, դիմել էին պաշտպանական մարտի եւ վերջինիս հետ շպրտել իր ելման դիրքեր: ՊԲ Լրատվության եւ քարոզչության բաժնից հայտնել էին, որ ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդին հասցվել են նշանակալի կորուստներ:

Պաշտպանական մարտերի ընթացքում կորուստներ էր ունեցել նաեւ հայկական կողմը: Ադրբեջանական դիվերսիոն խմբի վնասազերծման գործողության ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Վարդան Ռոբերտի Օհանյանը, վիրավորվել էին շարքային զինծառայողներ Արայիկ Գեղամի Մավրեյանը եւ Վոլոդյա Յուրայի Ծատրյանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ