News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ընդդեմ կանանց դեմ բռնության կոալիցիան այսօր` հունիսի 12-ին, ժամը 11.00-ին, կազմակերպել էր ցույց նախագահական նստավայրի առջեւ` սկեսուրի եւ ամուսնու կողմից դաժան ծեծի եւ խոշտանգումների ենթարկված Մարիամ Գեւորգյանի գործի առնչությամբ: Նիստը դռնփակ անցկացնելու որոշումը հարուցել է Արարատի մարզի Տափերական գյուղի ողջ բնակիչների զայրույթը, ովքեր եւս մասնակցում էին ցույցին եւ պահանջում էին խստագույն պատիժ: «Մարիամը մեր աչքի առաջ մեծացած երեխա է, մենք իրենից միայն լավն ենք տեսել: Իրենք շատ հանգիստ, համեստ, գյուղում հարգված ընտանիք են: Սենց դաժանություն մենք չենք պատկերացնում, թուրքից վերան են, մանյակներ ու մարդասպաններ: Երբ Մարիամին բերեցին` խիղճդ չէր տանում տեսնել, աչքերս փակում` դուրս էի գալիս»,- ասում էին համագյուղացիները:

«Մարիամս ուզողներ շատ ուներ, խաբին-տարան, մենք էլ չիմացանք ում տվինք: Ես զանգեցի աղջկաս ծնունդը շնորհավորելու, որից հետո խորովածի շշով սկսել են ծեծել նրան: Աղջիկս պատմում է, որ այնքան ծեծեց, մինչեւ արյունը տեսավ` հանգստացավ: Ինքն էլ նստեց ամուսնու հետ նարդի խաղալու` ոնց որ մի քիչ առաջ կատարածը ինքը չի եղել»,- նախագահական նստավայրի մոտ ցույցին պատմել է Մարիամի մայրը:

Տուժող կողմը պահանջում է, որ Մարիամն այնպիսի փոխհատուցում ստանա, որ ապաքինվի եւ ֆիզիկապես, եւ հոգեպես: Ցույցի մասնակիցները երկու նամակ են փոխանցել` բողոք դատավորի գործողությունների հետ կապված եւ նման դատավարությունները բաց իրականացնելու պահանջը:

Հիշեցնենք, որ Մարիամի սկեսուրը` Հայկանուշ Միքայելյանը, հարսին խոշտանգումների է ենթարկել որդու` Դավիթ Զիրոյանի հետ: Գեւորգյանը Զիրոյանի հետ ամուսնացել է 2009 թվականի նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին տեղափոխվել է Սանկտ-Պետերբուրգ, որտեղ աղջկան 10 ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի եւ կտտանքների են ենթարկել:

Երեւան վերադառնալուց հետո Գեւորգյանը դիմել է ոստիկանություն, ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» եւ «Ծեծ» հոդվածներով, որի համաձայն նրան կարող էին դատապարտել մինչեւ 3 տարվա ազատազրկման: Դատարանի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել ՀՀ 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ:

Հայկանուշ Միքայելյանի դեմ առաջադրվել է մեղադրանք քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածնքեր հասցնել) եւ 119 (խոշտանգում) հոդվածներով:

Հիշեցնենք, հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 14-ին, ժամը 12:30-ին Արտաշատում:

Տպել
Ամենաշատ