News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բելգրադում, հունիսի 11-ին, տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 26-րդ հանդիպումը, որին նախորդել է կազմակերպության Ավագ պաշտոնյաների կոմիտեի երկօրյա նիստը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ով հանդես է եկել ելույթով:

Հայաստանի փոխարտգործնախարարն իր ելույթում գոհունակությամբ նշել է անցած կիսամյակի ընթացքում ՍԾՏՀ-ում Սերբիայի նախագահությամբ սոցիալ-տնտեսական համագործակցության բնագավառներում արձանագրված առաջընթացը եւ դրանում Հայաստանի գործնական դերակատարությունը: Կարեւորվել է ՍԾՏՀ 20-ամյակի նախաշեմին կազմակերպության արդյունավետության հետագա բարելավման, տարածաշրջանային կոնկրետ ծրագրերի պատշաճ իրականացմանն ուղղված տնտեսական նոր օրակարգի ձեւավորման եւ խթանման նշանակությունը:

Փոխնախարարը ողջունել է ՍԾՏՀ տնտեսական նոր օրակարգի եւ այլ ռազմավարական փաստաթղթերի, վերոնշյալ ժամանակահատվածում ՍԾՏՀ էներգետիկայի եւ բնապահպանության նախարարների կողմից նշված ոլորտներում համագործակցության խթանմանն ուղղված հռչակագրերի ընդունումը:

Գործնական համագործակցության ձեռքբերումների համատեքստում փոխնախարարն ընդգծել է ՍԾՏՀ առողջապահության եւ դեղագործության հարցերի աշխատանքային խմբում Հայաստանի համակարգման ժամանակ անդամ-երկրներում սանիտարական պաշտպանության բնագավառում համագործակցության համաձայնագրի ընդունումը:

Հանդիպմանը դրական գնահատականի արժանացել է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հարցերի աշխատանքային խմբի համակարգող երկրի` Հայաստանի  գործունեությունն ոլորտում համագործակցությունը խթանելու առումով: Գոհունակությամբ նշվել է, որ ՍԾՏՀ Նախագծերի զարգացման հիմնադրամի շրջանակում ընդունվել են հայկական նոր նախագծեր, մասնավորապես, գիտության ու տեխնոլոգիաների եւ մշակույթի բնագավառներում: ՍԾՏՀ-ի շրջանակում իրականացվելիք «Գրական տապան` 10 տարի անց» ՀՀ մշակութային նախագիծը մաս է կազմում «2012թ.՝ Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի եւ նվիրված է հայ տպագրության 500-ամյակին:

Հանդիպման արդյունքում ընդունվել են 80-ից ավելի որոշումներ եւ առաջարկություններ:

Հանդիպման ավարտին ՍԾՏՀ-ում նախագահությունը Սերբիայից փոխանցվել է Թուրքիային, որը կպաշտոնավարի 2012թ. երկրորդ կեսին:

Նույն օրը, պատվիրակությունների ղեկավարները մասնակցել են Սերբիայի նորընտիր նախագահ Տ. Նիկոլիչի երդման հանդիսավոր արարողությանը:

Հունիսի 12-ին, ՀՀ ԱԳ փոխնախարարն այցելել է Բելգրադում ՀՀ պատվավոր հյուպատոսության նորաբաց գրասենյակը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ