Ի պաշտպանություն 2-6 տարվա ազատազրկման դատապարտված ՀԱԿ 4 ակտիվիստների այսօր` օգոստոսի 1-ին, Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահական նստավայրի դիմաց, ՀԱԿ անդամներ, ակտիվիստներ, քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ բողոքի ակցիա են կազմակերպել: (ֆոտոռեպորտաժ)
NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ «տղաները մեր ընկերներն են, նրանց դատապարտել են ապօրինի, եթե նստում ենք, նստում ենք բոլորով,եւ նստում ենք հենց այստեղ»: Նրանք բարձրախոսով ներկայացրել են բողոքի ակցիայի նպատակը: «Հուլիսի 20-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացված դատավճիռը շինխծու է եւ ապօրինի, հետեւաբար` պահանջում ենք ազատ արձակել ՀԱԿ ակտիվիստներին»,- հայտարարեցին նրանք:
Նախաձեռնության ներկայացուցիչները թղթակցի հետ զրույցում հայտնեցին, որ նախատեսվում է նաեւ երթ,սակայն հայտնի չէ, թե ինչ ուղղությամբ:
Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակել էր ՀԱԿ-ի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավճիռը:
Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:
Լուսանկարները եւ տեսանյութը` շուտով











