Օգոստոսի 1-ին՝ ժամը 17:00-ին Բաղրամյան 26 հասցեում գտնվող Նախագահական նստավայրի դիմաց «Ազատում ենք Կոնգրեսի երիտասարդներին» նախաձեռնությունը կազմակերպում է պիկետ:

Նախաձեռնությունն իր տարածած հաղորդագրության մեջ ներկայացրել է իր պահանջները`

«Արդարացնել Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստներին՝ Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին, Տիգրան Առաքելյանին, Սարգիս Գեւորգյանին,

Ազատ արձակել Տիգրան Առաքելյանին,

Կարճել ՀԱԿ մյուս երիտասարդների` Վահագն Գեւորգյանի, Սահակ Մուրադյանի եւ Արեգ Գեւորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, որը դեռեւս գտնվում է ՀՔԾ վարույթում։

Պատժել երիտասարդների եւ նրանց փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին։

Պատասխանատվության ենթարկել կեղծ ցուցմունքներ տված ոստիկանության ծառայողներին, կեղծ ցուցմունքի դրդչություն կատարած պաշտոնատար անձանց»:

Նշենք, որ հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակել էր ՀԱԿ-ի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավճիռը:

Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման: