News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունգարաադրբեջանական գործարքը շոկ առաջացրեց միջազգային հանրության մոտ եւ համարժեք արձագանք եղավ միջազգային հանրության կողմից: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 11-ին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Դիտարկմանը, թե երեկ տեղեկություն հայտնվեց, Հունգարիայի արտգործնախարարը նամակ է Ձեզ հղել, որում ցանկություն է հայտնել կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները եւ միեւնույն ժամանակ սպառնալիք է հնչեցրել, որ հարաբերությունների կասեցումը կարող է բացասական հետեւանքներ ունենալ Հայաստանի համար, Նալբանդյանը պատասխանել է. «Հարցը նրանում չէ՝ եղել է այդպիսի նամակ թե ոչ: Հունգարիայի արտգործնախարար պարոն Մարտոնիի նամակը հունգարական կողմը հրապարակել է: Գիտեք, որ հունգարաադրբեջանական գործարքը շոկ առաջացրեց միջազգային հանրության մոտ եւ համարժեք արձագանք եղավ միջազգային հանրության կողմից:

Ի՞նչ են ասում այսօր Ադրբեջանից: Այն ինչ մենք լսում ենք այսօր Ադրբեջանից ոչ պակաս շոկ է առաջացնում: Բայց ցավով կարող եմ նշել, որ Հունգարիայից էլ ինչ այսօր մենք լսում ենք, ոչ պակաս շոկ է առաջացնում»:

Ի՞նչ է ասում Հունգարիան, հարցրել է Նալբանդյանն ու հավելել. «Հունգարական կառավարական, պաշտոնական ներկայացուցիչներն ասում են, որ գործարքի ընթացքը թափանցիկ է եղել, իսկ ադրբեջանական ամենաբարձր մակարդակի պաշտոնյաներն ասում են, որ գաղտնի բանակցություններ են վարվել:

Հունգարական կողմն ասում է, որ տեղյակ չի եղել, որ ադրբեջանական կողմը կազատի Սաֆարովին Բաքու ժամանելուն պես, իսկ ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաները պնդում են, որ հունգարական կողմը դրա մասին տեղյակ է եղել»:

Ըստ Նալբանդյանի` հունգարական կողմը ուղարկել է նոտաներ, նամակներ Բուդապեշտում հավատարմագրված դեսպանություններին, որտեղ հայտնում է իր վրդովմունքը Սաֆարովին ազատ արձակելու Ադրբեջանի կողմից ընդունված որոշման վերաբերյալ: «Բայց նույն նամակը եզրափակվում է նրանով, միգուցե ս՞ա է հունգարական կողմի վրդովման դրսեւորումը, որ հունգարական կողմը շարունակելու է հանձնառու լինել Ադրբեջանի հետ ստրատեգիական հարաբերությունների զարգացմանը՝ փոխադարձ վստահության հիման վրա:

Հունգարական կողմն ասում է, որ Սաֆարովին Ադրբեջանին փոխանցելու վերաբերյալ որոշումը միանգամայն համահունչ է Ստրասբուրգի կոնվենցիային, Եվրախորհրդի կոնվենցիային: Դուք գիտեք, որ Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահը հայտարարել է, որ այս գործարքը հենց այդ կոնվենցիայի չարաշահում է»,- նշել է Նալբանդյանն ու նկատել, որ այն արձագանքները, որոնք լսվում են հունգարական կողմից,  փորձեր են արդարացնել կատարվածը. «Նրանք պնդում են, որ հունգարական կողմը պատասխանատվություն չի կրում: Հունգարիայի այս գործարքին գնալու պատասխանատվության համար է, որ Հայաստանը որոշեց կասեցնել հարաբերությունները Հունգարիայի հետ»:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ