News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց Հայաստանի ազգային արխիվում:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը տեղեկատվություն ներկայացրեց 2012թ. կատարված աշխատանքների եւ 2013թ. անելիքների մասին: Նշվեց, որ 2013թ. հունվարի 1-ի դրությամբ, Հայաստանի ազգային արխիվում  պահպանվում  է 6.640  արխիվային  ֆոնդ` 4.161.932  արխիվային  գործով, այդ թվում` 316.142 պ.մ. կինոֆոտոֆոնո փաստաթուղթ: 2012թ.  համեմատ, արխիվային պահպանության ենթակա գործերի թիվն ավելացել է 46.832-ով: Տարվա ընթացքում  քայլեր են ձեռնարկվել արխիվային փաստաթղթերի ֆիզիկական վիճակի  բարելավման  եւ  պահպանվածության  ապահովման  նպատակով: 2012թ.  ընթացքում վերականգնվել-վերանորոգվել  է  308.875  թերթ  արխիվային  փաստաթուղթ:

Աշխատանքներ են իրականացվել տեղեկատու-որոնողական համակարգի ստեղծման եւ կատարելագործման ուղղությամբ: Շարունակվել  է  արխիվային  փաստաթղթերի  թվայնացման  գործընթացը: Տարվա ընթացքում  թվայնացվել  է  224.219 պատկեր, «Հայաստանի  ազգային  արխիվ» ծրագրին արդեն միացվել է 31.755 պատկեր: Թվայնացվել  է  նաեւ  973  կինոֆոտոֆոնո  փաստաթուղթ` ծրագրով  նախատեսած  880-ի  փոխարեն: Աշխատանքներ  են  իրականացվել  ներարխիվային  համակարգչային  ցանցի  գործարկման, համակարգչային  նոր  ծրագրերի  ներդրման, էլեկտրոնային  սարքավորումների  տեխնիկական  սպասարկման  ոլորտում:

Առաջին անգամ արխիվը իրականացրել է էլեկտրոնային փաստաթղթերի համալրում. համալրվել է 193 171 8 էլեկտրոնային թղթապանակ` 8,075586 Tb ծավալով: Առաջին անգամ  նաեւ  հայոց պատմությանն առնչվող փաստաթղթերի պատճեններ են  ձեռք բերվել Ռուսաստանի Դաշնության  եւ Վրաստանի  արխիվներից:

Տարվա ընթացքում պատասխանվել է քաղաքացիներից եւ կազմակերպություններից, այդ  թվում` արտասահմանից ստացված 100 թեմատիկ եւ 25.797 սոցիալ-իրավական  բնույթի  հարցման` նախորդ տարվա 24 հազարի դիմաց: Ազգային արխիվն ունեցել է  524  ուսումնասիրող` 40-ով ավելի,  քան նախորդ տարի:

Ցուցահանդեսներ են կազմակերպվել Ուկրաինայում, Վրաստանում,  Հայաստանի մի շարք քաղաքներում: Լույս  է տեսել փաստաթղթերի եւ նյութերի 6 ժողովածու, 1  մենագրություն եւ 1 համացանկ: Կազմակերպվել են նաեւ մի շարք գիտաժողովներ եւ միջոցառումներ:  

Ա. Վիրաբյանը ներկայացրեց նաեւ «Հայաստանի  Հանրապետությունում  արխիվային  գործում  բարեփոխումների  իրականացման  հայեցակարգի»  նախագիծը, որով նախատեսվելու է մի շարք քայլերի իրականացում. մասնավորապես`  «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի եւ նրա տարածքային ստորաբաժանումների կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ծավալի եւ որակի վերլուծություն, քաղաքացիներին արխիվային ծառայությունների մատուցման էլեկտրոնային համակարգի ներդրման նպատակով տեխնիկական վերազինման ծրագրի մշակում, արխիվի եւ նրա տարածքային ստորաբաժանումների կորպորատիվ ցանցի ստեղծում եւ  դրա միացում այն բոլոր պետական մարմինների ցանցերին, որոնք օգտվում են արխիվային տեղեկատվությունից, տարածքային ստորաբաժանումների քանակի օպտիմալացում, Երեւան քաղաքում մեկ «պատուհանի» սկզբունքի ներդրում եւ այլն:

Փոխվարչապետն ընդգծելով  նախագծի  կարեւորությունը`առաջարկեց  այն  քննարկել մարզային  մասնաճյուղերի  եւ  տարածքային  ներկայացուցչությունների  ղեկավարների մասնակցությամբ: Նա կարեւորեց հայեցակարգով նախատեսվող բարեփոխումների իրականացումը` նկատելով, որ դրանք մեծ նշանակություն են ունենալու ոլորտի համար եւ հնարավորություն կընձեռեն ժամանակակից տեխնոլոգիաներով արխիվային ծառայություններ մատուցել քաղաքացիներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ