News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկել է Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հանրահավաքը (ֆոտոռեպորտաժ):

Հանրահավաքն ուղեկցվում է երգերով, որոնք հնչել են Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական քարոզչության ընթացքում: Ինչպես Ազատության հրապարակից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, այս պահին ելույթ են ունենում հիմնականում «Ժառանգություն» կուսակցության երիտասարդ անդամները:

Հանրահավաքը վարում է «Ժառանգության» վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն մոտեցել է խոսափողին եւ ողջունել հավաքվածներին:

Մարտիրոսյանը հայտարարել է, որ իրենց է միացել ՀՅԴ-ն, որի ներկայացուցիչը քիչ անց հանդես կգա հանրահավաքում:

Նշենք, որ ընտրություններում 37 տոկոս ձայն ստացած նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, ով չի ճանաչում իր պարտությունն ընտրություններում, երեկ հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ խոստացել, որ հանդիպման արդյունքների մասին կխոսի այսօր` հանրահավաքում:

Նա հայտնել է, որ մտադիր է փետրվարի 22-ին, ժամը 17:00-ին Ազատության հրապարակում տոնել իր հաղթանակը:

Նշենք, որ հանրահավաքին ներկա է ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, նաեւ նախագահի մեկ այլ թեկնածու` Անդրիաս Ղուկասյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ