ԱԺ նախկին պատգամավոր, այժմ ԲՀԿ անդամ Զորիկ Զոհրաբյանը («Արաբկիրցի Զորիկը») հերքում է իր` ծեծկռտուքի մեջ հայտնվելու մասին տարածված տեղեկությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախկին պատգամավորը: Նա վստահեցնում է, որ նման բան չի եղել, ամեն ինչ իդեալական է:
Զոհրաբ Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ անդամ դառնալուց հետո ոչ մեկի հետ հարաբերությունները չեն փչացել, այդ թվում` իր ընկեր ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի: Նա տեղեկացրեց, որ կուսակցական դառնալուց հետո վերջինս հետ չի հանդիպել եւ այդ թեմայով չեն զրուցել: Ինչ վերաբերում է Արաբկիրի հանցավոր հեղինակությունների հետ խնդիրներ ունենալուն, ապա վերջինս ասաց. «Ինչի Արաբկիրում հանցավոր հեղինակություն կա՞, կամ Երեւան քաղաքում որեւէ մի տեղ հանցավոր հեղինակություն կա՞»:
Անդրադառնալով ապրիլի 7-ից մեկնարկող քարոզարշավին, նա վստահեցրեց, որ լինելու է քաղաքական առողջ պայքար, իսկ ժողովուրդը լավ գիտի, թե որ կուսակցությունն ինչ դեր է ունեցել, ով է եղել ժողովրդի կողքին եւ աշխատել նրա համար: Նախկին պատգամավորը շեշտում է, որ ժողովուրդը բոլորին լավ գիտի, եւ որեւէ մեկի ասածը, մանավանդ այն մարդկանց ասածը, ովքեր իշխանությունում են եղել, հեշտ չի լինելու հրամցնելը: «Մեր կուսակցությունն ունի շատ լուրջ ծրագիր ժողովրդի բարեկեցությունը բարելավվելու, եթե իրենք ունեն ծրագիր, թող ներկայացնեն»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանին, ով ՕԵԿ ցուցակի 2-րդ հորիզոնականն է, ապա Զոհրաբ Ղոհրաբյանը նշեց, որ իր եւ Հովհաննես Շահինյանի միջեւ բացարձակ որեւէ հակամարտության չկա եւ չի էլի լինի: «Այսօր Հայաստանի Հանրապետությունը դեմոկրատական երկիր է, մենք էլ 18-20 տարեկան երեխաներ չենք էլի, 18-20 տարեկան որ լինեինք, կասեինք` վիճաբանում ենք, կռվում ենք, պատվեր ենք կատարում եւ այլն: Ես պատասխանատու եմ կուսակցության համար ամբողջ Երեւան քաղաքում, եթե մարդկանց մոտ թյուր կարծիք կա, որ իմ հնարավորությունները միայն Արաբկիրով է սահմանափակվում, իրենք չարաչար սխալվում են: Երեւան քաղաքում այնքան շատ ծանոթ ունեմ, որ ձեր թվարկած մարդիկ երեւի այդքան չունեն: Իհարկե, ամեն ինչից առաջ արաբկիրցի եմ, եղել եմ արաբկիրցի եւ մնալու եմ»,- ասաց նա:
Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, թե ԱԺ նախկին պատգամավոր Զորիկ Զոհրաբյանը մոտ մեկ ամիս առաջ անդամագրվեց ԲՀԿ-ին: Սակայն, պարզվում է` նա այս պատճառով հայտնվել է ռազբորկաների մեջ, հատկապես Արաբկիրի հեղինակությունների հետ: «Երեկ տեղեկություն ստացանք, որ օրեր առաջ նրան Արաբկիրի հանցավոր հեղինակությունները «նեղել» են՝ համարելով, որ նա դավաճանություն է արել: Մեր աղբյուրի փոխանցմամբ, անգամ բանը ծեծկռտուքի է հասել: Նշենք, որ վերջինս կարկառուն ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի հովանավորյալն էր համարվում, նրա ջանքերով էլ մտել էր խորհրդարան, թեեւ ՀՀԿ անդամ չէր: Իսկ Գագիկ Ծառուկյանի եւ Ռուբեն Հայրապետյանի հարաբերությունները, հայտնի է՝ վաղուց ի վեր լարված են»,-գրել էր թերթը:




























