Վթարի ենթարկված ԱԺ նախկին պատգամավոր, ներկայումս ԲՀԿ-ական Զոհրաբ Զոհրաբյանի կյանքին վտանգ չի սպառնացել, չի էլ սպառնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Զոհրաբ Զոհրաբյանի կինը՝ Արմինե Մարկոսյանը:  «Զոհրաբ Զոհրաբյանը գիտակցություն ունեցել է, ուղղակի իրեն հանգիստ է պետք, հետեւաբար քնեցնում են»,- ավելացրեց նա:

Իսկ ահա Զոհրաբ Զոհրաբյանի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ «Զոհրաբ Զոհրաբյանը փորի տրավմա, ձեռքի եւ գանգի ոսկրերի կոտրվածք, թոքերի 2 կողմերի սալջարդ, դեղորայքային կոմա, արհեստական շնչառություն ախտորոշմամբ գտնվում է «Արմենիա»  բ/կ-ում, իսկ ընդհանուր վիճակը գնահատվում է ծայրահեղ- ծանր-կայուն»:

Հիշեցնենք, որ երեկ կեսգիշերին Հրաչյա Քոչար-Փափազյան խաչմերուկում վթարի է ենթարկվել նախկին ՀՀԿ-ական, ներկայումս ԲՀԿ շարքերը համալրած Զոհրաբ Զոհրաբյանը։ Վերջինս վարորդի հետ անգիտակից վիճակում տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ։ Ըստ ԱԻՆ լրատվական ծառայության՝ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34VU251 համարանիշի եւ «Չերրի» մակնիշի 09UL425 համարանիշի ավտոմեքենաները:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: