News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

NEWS.am-ն սկսում է «Քաղաքական գործիչները՝ քաղաքականությունից դուրս» շարքը, որի առաջին հյուրը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է: NEWS.am-ին տված բացառիկ հարցազրույցում Հովիկ Աբրահամյանը պատմում է բանակում ատամը կոտրելու, երկու եղբորով քույրերի հետ ամուսնանալու, Գագիկ Ծառուկյանի աղջկա ձեռքը խնդրելու եւ իր կյանքի այլ մանրամասների մասին: Նա ներկայացնում է, թե ինչու են դպրոցում պատռել իր վերնաշապիկը, ինչպես է զրոյից հարստացել:

Աբրահամյանը հաստատում է, որ հայտնի բրենդամոլ է եւ անկեղծանում, որ ինքը որակյալ հագուստի կողմնակից է:

Հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ.

Պարոն Աբրահամյան, 6 թոռնիկ ունեք, եւ գիտեմ, որ թեեւ աշխատանքային խիստ գրաֆիկին, նրանց հետ շատ ժամանակ եք անցկացնում: Ո՞ր թոռնիկն է Ձեզ ավելի շատ հիշեցնում Ձեր մանկությունը եւ ինչո՞վ: Այլ կերպ ասած, նրանցից ո՞ւմ մասին են ասում` պապիին է քաշել:

Աստծո կամոք, մինչեւ հունիսի սկիզբ յոթերորդ թոռնիկս կծնվի: Ի դեպ, երկու աղջիկներիս տղաներն էլ իմ անունն են կրում: Միջնեկ աղջկաս որդին, որի անունը Հովիկ է, իսկապես նման է ինձ, թե բնավորությամբ, թե պահելաձեւով: Երեխա ժամանակ ես էլ եմ նրա նման ակտիվ եղել` բեռ վերցնող: Հիմա ինքը յոթ տարեկան է, բայց եթե ինչ-որ տեղ գնան եւ մեկը եղբորը, քույրերին նեղացնի, կմիջամտի եւ կփորձի այդ հարվածը վերցնել իր վրա: Ժողովրդական լեզվով ասած՝ ջիգյարով տղա է, հյուրասեր, ուշադիր շրջապատի, ծնողների, հարազատների նկատմամբ: Եվ ամենակարեւորը շատ լավ է սովորում: Շրջապատում էլ են ասում, որ ինձ է քաշել:

Փոքր ժամանակ, երբ հարցնում էին` «Ի՞նչ ես ուզում դառնալ», ի՞նչ պատասխաններ էիք տալիս:

Ես բժիշկ քեռի ունեի, ով շատ հարգված էր Վեդիում: Ես էլ էի ուզում բժիշկ դառնալ, մարդկանց օգնել: Դպրոցն ավարտելուց հետո փորձեցի բժշկական ինստիտուտ ընդունվել: Այդ ժամանակ մինիմում մեկ տարվա աշխատանքային ստաժ պետք է ունենայիր:

Գյուղատնտեսության ոլորտում աշխատանքային ստաժ ունեի, սակայն երեք աշխատանքային օր չբավականացրեց ընդունվելու համար: Հետո գնացի բանակ, վերադառնալուց հետո ընդունվեցի ավտոճանապարհային տեխնիկում, որից հետո էլ տնտեսագիտական ինստիտուտ:

Իսկ հիմա թոռնիկներն այդ նույն հարցին ի՞նչ են պատասխանում: Ձեր աթոռի վրա աչք ունեցողներ կա՞ն նրանց մեջ, թե` ոչ:

Ես ամեն ինչ անում եմ, որ հիմնավոր գիտելիքներ ստանան: Օրինակ, մեր ժամանակ այդ հնարավորությունը չկար: Այսօր հնարավորությունները թույլ են տալիս, որ լավ գիտելիք ստանան եւ ամեն հանդիպման ժամանակ ասում եմ, որ եթե լավ չսովորեն, լավ մարդ չեն դառնա եւ պապիկի պատիվը բարձր չեն պահի : Օրինակ, մեծ թոռնիկս տասը տարեկան է, բայց արդեն անգլերեն, ռուսերեն եւ գերմաներեն գիտի: Ասում եմ՝ ով պապիկին շատ է սիրում պետք է լավ սովորի եւ դա ազդում է ու մրցակցության մեջ են մտնում:

Ինչպիսի՞ ընտանիքում եք մեծացել, Ձեր ծնողների սպասումները որքանո՞վ եք արդարացրել այս տարիների ընթացքում: Կա՞ մի իր, որը խնդրել եք Ձեր ծնողներից, բայց մինչեւ օրս չեք ստացել կամ հայտնել եք ցանկություն, որը չի կատարվել:

Նախ մեր մեծ գերդաստանում բարձր պաշտոններ զբաղեցնող ազգականներ չենք ունեցել: Վայոց Ձորից տեղափոխվել են Արտաշատի շրջանի Մխչյան գյուղ: Ես այնտեղ եմ ծնվել: Քույր չունենք: Ծնողներիցս, տատիցս եւ երեք եղբայրներիցս է բաղկացած եղել մեր ընտանիքը: Բայց շատ կուզեի քույր ունենալ, քանի որ քրոջ ուշադրությունը եւ հոգատարությունը ուրիշ է: Մայրիկիս հայրը մեր Մխչյանի եկեղեցու քահանան էր: Չունեւոր, բայց միեւնույն ժամանակ հաշտ, համերաշխ ընտանիքում եմ մեծացել: Նեղություններ եւ զրկանքներ շատ են եղել: Բայց դա ամաչելու բան չէ, քանի որ մեր ժամանակներն էին այդպիսին: Միշտ իմ հույսը ես եմ եղել: Այն ինչ այսօր ունեմ, հասել եմ իմ ձգտումով, թիմով եւ ամենակարեւորը՝ իմ անկեղծությամբ ու դա ինձ շատ է օգնում:

Օրինակ, Ընտանիքի օրվա առիթով գնացի Արագածոտնի մարզ, նախապես պլանավորված էր, որ միայն պետք է բազմազավակ ընտանիքների այցելեինք: Գյուղամիջում մի 50 մարդ էր կանգնած: Չնախատեսված ասացի, որ մեքենան կանգնի եւ մոտեցա հետները շփվելու: Իջա եւ մարդկանց աչքերից բացասական էներգիան տեսնում էի: Սկսեցին դժգոհությունները: Ընդամենը 20 րոպե լսեցի եւ արդեն իրենց բարեկամն էի: Հիմա իմ որդին նեղություն չի տեսել, կարող է լավ չպատկերացնի ինչ բան է հացի փող չունենալը, բայց մենք տեսել ենք: Դրա համար էլ ես հասկանում եմ արդարացի դժգոհությունները, չեմ կարող չլսել նրանց: Մարդը, եթե ինձ հետ խոսելիս ասում է, որ փող չունի, ես միանգամից մտնում եմ իր վիճակի մեջ: Բայց պաշտոնյանների մեջ անտարբերներ էլ կան, որոնց նմանները չպետք է պաշտոն ունենան: Մութ ու ցուրտ տարիներին 9 դպրոց կար Արտաշատում, ես գեներատոր էի դրել, զանգել եմ երջանկահիշատակ Կարեն Սերոբիչին, 100 կիլովատտանոց գեներատոր եմ խնդրել:

Դպրոցում ինչպիսի՞ աշակերտ եք եղել: Պատահե՞լ է արդյոք, երբ ցածր գնահատական ստանալու դեպքում ստեք, թե օրագիրը մոռացել եք տանը: Դասերից փախե՞լ եք, աղջիկների համար կռիվ արե՞լ եք:

Ես դպրոցում շատ լավ եմ սովորել եւ միշտ ցանկացել եմ առաջինը պատասխանել: Ութերորդ դասարանը գերազանց եմ ավարտել, իսկ տասներորդում երկու չորս եմ ունեցել: Ես վատ էի զգում, եթե մեկն ինձնից լավ էր պատասխանում, հատկապես՝ տղաներից, չնայած այդպիսիք չկային: Ավելի շատ երջանկահիշատակ մամայիս եմ նման: Աղջիկների հետ շատ ջերմ եմ եղել: Եթե մեր դասարանի աղջիկներին մեկ ուրիշ դասարանի տղա բան ասեր, մենք կռիվ էինք անում, մեր դասարանի աղջիկներին պաշտպանում էինք: Տղաներին նեղացնելու դեպքում եւս կռվի մեջ էինք ներքաշվում: Դասղեկից դիտողություն էի ստանում չարության համար, քանի որ ակտիվ եմ եղել: Մենք 10-ի Ա-ն էինք, եւ միշտ Բ-ի եւ Գ-ի հետ հակամարտության մեջ էինք, որ Ա-ն պետք է առաջինը լինի: Իմ դասղեկը լուսահոգի Նուշիկ Մարգարյանը, ով մեր հայոց լեզվի ուսուցչուհին էր, միշտ հորդորում էր լավ սովորել:

Տպավորություն է, որ Ձեր հասակակիցների մեջ գյուղում ամենաճարպիկը եւ նախաձեռնողը Դուք եք եղել: Երբեւէ հայտնվե՞լ եք ոստիկանական բաժանմունքում կամ Ձեր տուն կռիվ եկե՞լ են: Մինչեւ հիմա, երբ Արարատում միջադեպ է լինում, Ձեր ազգանունն է շահարկվում: Փոքր ժամանակ է՞լ է այդպես եղել:

Դպրոցական տարիներին նման բան չի եղել: Երբ 1991 թվականին Արտաշատի գինու կոնյակի գործարանի տնօրենն էի, դա ամենախոշոր գործարանն էր, որն ուներ 700 աշխատող, այդ տարիներին, ոչ գազ կար, ոչ հոսանք: Արտաշատի շրջանում 4 անկախ գործարաններ էլ կային եւ ես դե ֆակտո դարձել էի այդ գործարանների տնօրենը: Եթե հարց էր լինում, ես էի միջամտում միլիցիա, հարկային, որ նեղություն չտան: Նման լիդերություն միշտ ունեցել եմ: Ազնվորեն եմ ասում, դա բոլորը գիտեն:

Իսկ խոշոր կռիվներից մեկը դպրոցական տարիքում էր: Հարեւան գյուղից տղաները եկել էին մեր դասարանից մի աղջկա նեղացրել էին, ամբողջ դասարանով հավաքվեցինք, գնացինք դրանց դպրոց այդ տղաներին ծեծեցինք: Դեռ հիշում եմ վերնաշապիկս քաշեցին պատռեցին:

Այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահն եք, Երեւանի պետական համալսարանի խորհրդի անդամ: Դասախոսներին կաշառե՞լ եք, կոնյակով, բաստուրմայով թե՞ կարողանում էիք նրանց հետ լեզու գտնել, համաձայնության գալ: Ուսանողական տարիներին ինչո՞վ եք աչքի ընկել:

Այն ժամանակ նման բան չկար, որ ասեիր 50 դոլար տամ՝ նշանակեն: Ավելի շատ կոնյակն էր տարածված: Իմ մասով չեմ հիշում, անկեղծ ասած: Այսպիսի մի օրինակ բերեմ. ես անարժանապատիվ եմ համարում լրագրողին փող տալ, ասել. «Իմ վրա մի գրի», իսկ առավել անընդունելի է փող տալ ու ասել. «էս ինչի վրա գրի»: Դա պաշտոնյայի համար ողբերգություն է, քանի որ դառնում ես գերի: Իմ որոշ գործընկերներին հորդորում եմ, որ նման բան չանեն, քանի որ իրենց պատիվն ու արժանապատվությունը դնում են լրագրողների ոտքի տակ: Ինչ վերաբերում է բուն ուսանողականին այդ տարիներին էլ եմ աչքի ընկել կազմակերպչական առումով: Օրինակ, ասում էի հավաքվենք գնանք մի տեղ սուրճ խմելու, գնանք քաղաքից դուրս խորոված ուտելու: Բոլոր տեղերում եղել եմ հաշտեցնողի դերում:

Վերջին անգամ, ե՞րբ եք աչքի անցկացրել Ձեր բանակի նկարները, որտե՞ղ եք ծառայել: Քանի՞ անգամ եք արձակուրդ եկել եւ ինչի՞ դիմաց: Բանակից մնացած սպիներ ունեք, թե՝ ոչ:

Բանակից շատ լավ լուսանկարներ ունեմ, որոնք հաճախ աչքի եմ անցկացնում, քանի որ շատ լավ հուշեր ունեմ: Երբ բժշկական ինստիտուտ ընդունվելու ծրագիրը ձախողվեց, ես գնացի բանակ: Վեց ամիս ծառայել եմ Վրաստանում, ապա` Ադրբեջանում: Այնտեղ պայմանները շատ վատն էին, կարելի էր ասել խմելու ջուր չկար: Բանակում վարորդ-մեխանիկ էի, շատ լավ BMP եմ վարում: Լավ կրակելու համար գնդի հրամանատարը ինձ տասը օր արձակուրդ տվեց:

Ինչ վերաբերում է կռիվներին, շատ են եղել: Այնտեղ չեչենների հետ ահագին խնդիրներ կային: Նրանք դերակատարության մեծացման էին ձգտում: Ես հայերին հավաքել էի, Երեւանի, Ստեփանակերտի, Տավուշի, Կիրովականի տղաներ էին, 40 հայ ունեինք: Կռիվներ եղել են մի քանի անգամ, նույնիսկ խփեցին ատամս ջարդվեց: Բայց դե մենք մեր դիրքն ամրապնդեցինք: Ծառայության ընթացքում ավելի ես ինքնահաստատվում:

Ինչպե՞ս եք ծանոթացել Ձեր կնոջ հետ: Ինչպես գնացիք ընտանիք ստեղծելու վճռական քայլին. ավանդական կարգով գնացիք Ձեր կնոջ ձեռքը խնդրելո՞ւ, թե՞ փախցրել եք: Ասում են, որ երկու եղբայր` երկու քրոջ հետ եք ամուսնացել, ճի՞շտ է:

Իմ մեծ եղբոր հարսանիքի ժամանակ հարսի փոքր քույրիկի հետ ծանոթացա: Ջուլիան շատ գեղեցիկ եւ բարի մարդ է: Հաշտության եւ համերաշխության կողմնակից: Աշխատանքային գրաֆիկից ելնելով, քանի որ քիչ եմ տանը լինում մեր ընտանիքի հիմնական խնդիրներն ինքն է լուծում: Այլ կերպ ասած, տան հոգսն իր վրա է: Բարեբախտաբար այդ հարսանիքի ժամանակ տեսա սիրահարվեցի ու գնացի բանակ: Ոչ ոքի չէի ասել: 1979-ին բանակից եկա եւ նոր միայն ասացի: Զարմացան, թե ոնց կլինի նման բան, ասացի ավելի լավ կլինի, ավելի համերաշխ կլինեն: Լինում է չէ՞, ո ր երկու եղբայրների կանայք իրար չեն ընդունում: Բայց երկու քույր իրար հարազատ են լինելու եւ հիմա ամեն ինչ այդ առումով հրաշալի է: Աղջիկը հայր չուներ, միայն մայրն էր:

-Ձեր երեխաների համար խի՞ստ հայր եք: Հնարավորություններ ունենալով հանդերձ` ինչի՞ց եք զրկել կամ զրկում նրանց: Ինչի՞ համար են գումար խնդրել, որ չեք տվել կամ եղել է դեպք, որ Ձեր տղային ծխելուց բռնացնեք ու խիստ նախատեք: Չերչիլն ասում է, որ ավելի հեշտ է պետություն կառավարել, քան երեխաներին: Դուք ի՞նչ կարծիքի եք:

Չերչիլի այս մի մտքի հետ համամիտ չեմ: Մեծ Բրիտանիայում հնարավոր է, բայց հայկական ընտանիքներում՝ ոչ: Հիմա Չերչիլի քաղաքական կենսագրությունն եմ ուսումնասիրում, շատ հետաքրքրիր դրվագների եմ հանդիպել:

Ինչ վերաբերում է իմ ընտանիքին, ես ունեմ երկու դուստր եւ մեկ որդի: Անկախ հնարավորությունից, եղել են շատ զուսպ: Ես չեմ ցանկանա, որ իմ երեխան շատ տարբերվի մյուս երեխաներից: Ինքս չեմ ծխել, իսկ խմիչք օգտագործում եմ առիթից առիթ: Որդիս եւս, ոչ խմում է, ոչ ծխում: Շուտով կավարտի տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրան, տիրապետում է օտար լեզուների եւ զբաղվում է մասնավոր բիզնեսով: «Արտֆուդի» բաժնետերն է եւ Մխչյանի գինու գործարանում բաժնեմաս ունի: Նրա մասին վատ բան չեք լսի: Բարեգործություն է անում, գյուղի եկեղեցին վերակառուցեց, մանկավարժներին միշտ օգնում է, թատրոնին է հովանավորում: Իր մոտ գեներով եկել է մարդկանց հասնելը, օգնելը : Տարբեր հոդվածներ են գրում, թե ուզում է Արտաշատի քաղաքապետ դառնալ: Ազնվորեն, ես դեմ եմ, որ քաղաքականության մեջ մտնի: 27-ը նոր է լրանում եւ չէի ուզի, որ այդպիսի մեծ բեռի տակ ընկնի: Երկու աղջիկներս էլ ավարտել են պետական համալսարանի միջազգային ֆակուլտետը, մեկը` նաեւ իրավագիտության ֆակուլտետի հեռական:

Ձեր աշխատանքային գործունեությունը սկսում է գինեգործությունից, բայց կխնդրեի պատմեք, թե ո՞րն է եղել Ձեր առաջին աշխատանքը, որքա՞ն գումար վաստակեցիք եւ ի՞նչ գնեցիք առաջին աշխատավարձով: Ե՞րբ վաստակեցիք առաջին միլիոնը եւ ինչպե՞ս նշեցիք: Ե՞րբ Մխչյանը հայտնի դարձավ ձեզանով:

Բանակից վերադառնալուց հետո աշխատել եմ Մասիսի պոմպակայանում: Խմելու ջրի կայան էր, որը ջուր էր մատակարարում Երեւան քաղաքին: 90 ռուբլի աշխատավարձ էի ստանում: Չի տպավորվել, թե ինչ եմ գնել: Հետո ավտոտեխսպասարկման կայանը ստեղծեցինք: Այն ժամանակ մեքենաների, «Ժիգուլիների» պահեստամասեր շատ դժվար էր գտնել: Ինչքան լավ դեֆիցիտ բան կար, բերում էի ու ամբողջ Հայաստանով Մխչյանի սերվիսը ճանաչում ստացավ: Այն ժամանակ ղեկավարները եւ նրանց որդիները «Ժիգուլիներ» էին քշում: Ավելին` այդ տարիների ավտոպահեստամասերը դեֆիցիտ էին: Ես գնում էի Տոլյատիից բերում էի: Բոլորին շատ լավ էի վերաբերվում: Ասում էի լավ, Լենինականից եկել հասել է այստեղ, մի հատ է մնացել, տամ իրեն: Բայց մասերը քիչ էին, պահանջարկը՝ շատ: Օրինակ, 100 անվադող էինք ստանում, որը 25 մեքենայի համար էր նախատեսված: Այն ժամանակ այս ոլորտը պոպուլյար ոլորտ էր, հետեւաբար` համ գործերն էին լավ, համ էլ կապերը, որոնք ինքնստինքյան ստեղծվում էին: Այդ ժամանակ ամիսը մինչեւ 2-3 հազար ռուբլի փող էինք աշխատում, ինչը մեծ գումար էր: Բայց հաջողությունը չեմ նշել, քանի որ միշտ մտածել եմ մեծացնել, զարգացնել: Նշանակվեցի Բուրաստանի կոնյակի գործարանի արտադրամասի պետ, դրանից հետո մեծ կոմբինատի տնօրեն: Շատ լավ եմ աշխատել: Հետո ժողովրդին սկսեցի օգնել, դրա համար ինձ շատ են սիրում: Չունեւորներին շատ էի օգնում: Պատերազմին թեեւ չեմ մասնակցել, բայց բոլորին օգնել եմ, չեմ ցանկանում ավելին ասել:

Շատերը հասնելով հաջողությունների, ինչ-ինչ աստիճանների, շնորհակալություն են հայտնում ծնողներին: Ձեր կյանքում եղե՞լ են մարդիկ, որոնք թեկուզ խորհուրդներով Ձեզ շատ են օգնել:

Իմ թիմից եմ շնորհակալ: Վազգեն Սարգսյանն է իր ձեռքով 1998թ-ին ինձ անդամագրել ՀՀԿ-ին: Նա հողին, ջրին, հայրենիքին շատ նվիրված մարդ էր: Ես նրանից շատ բան եմ սովորել. վերջին տարիներին շատ մոտ էի, ջերմ: Սերժ Սարգսյանից էլ եմ շատ բան սովորել: Իսկ ամենակարեւորը դա նրա համբերատարությունն ու ներողամտությունն է, որոնք քաղաքական գործչի, պետական պաշտոնյայի համար ամենակարեւոր հատկանիշներն են: Եթե մարդը համբերատար ու ներողամիտ եղավ, միշտ հաղթելու է: Սերժ Սարգսյանին եւ ինձ Վազգեն Սարգսյանն է ծանոթացրել: Վազգեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանն էլ էին շատ ջերմ ընկերներ: Նրանք կարծես իրար լրացնում էին: Վազգեն Սարգսյանը բռնկվող էր, իսկ Սերժ Սարգսյանը հավասարակշռված եւ զուսպ: Արդյունքում ոսկե միջինն էր ծնվում:

Քաղաքականությունը, քաղաքական հայացքները հաճախ բաժանում են ընկերներին: Ձեր դեպքում ավելի բարդ իրավիճակ է, քանի որ խնամիական հարաբերություններ ունեք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Ինչպե՞ս եք քաղաքական լարված իրադրություններում այս իրավիճակը հաղթահարում:

Փորձում եմ համբերությամբ լսել բոլոր կողմերին եւ ճիշտ խորհուրդներ տալ, իրական իրավիճակը ներկայացնել: Փորձում եմ խնամիությունը եւ ընկերությունը օգտագործել ճիշտ որոշումներ կայացնելու համար: Միշտ փորձել եմ անձնականը ստորադասել պետական շահին: Հետո մարդն առաջին հերթին պետք է մարդ լինի, հետո նոր դառնա քաղաքական գործիչ: Չնայած ասում են անկեղծությունը քաղաքական կատեգորիա չէ կամ քաղաքականությունն անբարոյականություն է, ես համաձայն չեմ: Ուղղակի կան անբարոյական մարդիկ, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ: Շատ հաճախ ինձ մեղադրում են, թե ՀՀԿ-ին դավաճանում եմ: Բայց այդ մարդիկ են դավաճանը, որ իրենց մտքով նման բան են անցկացնում: Հիմա, երբ Սերժ Սարգսյանն ինձ առաջարկեց ԱԺ նախագահի պաշտոնը եւ ՀՀԿ պատգամավորները ինձ ընտրեցին, բարոյական ո՞ր նորմերի մեջ կտեղավորվի, որ ես անցնեմ ԲՀԿ-ի շարքերը:

Ի դեպ, երբ իմացաք, որ Ձեր տղան ում աղջկան է հավանել, ինչպիսի՞ն էր Ձեր արձագանքը: Ձեզանից շա՞տ ջանքեր պահանջվեց Գագիկ Ծառուկյանի աղջկա ձեռքը խնդրելու, Ձեր տուն հարս բերելու համար:

Չեմ կարծում: Ես ասել եմ. «Արգամ ջան, իսկ Էմման համաձա՞յն է», ասել է՝ հա: Ասել եմ, լավ իր հայրիկին կասեմ: Ասել եմ. «Ծառուկյան, իմ եւ քո ընկերությունից, կամքից անկախ, իմ որդին սիրահարվել է քո դստերը եւ քո դուստրը համաձայն է: Ասել է հարց չկա, եթե իրենք համաձայն են, ես ու դու հարց որոշող չենք: Մնում է դա օրինականացնենք» ու այդպես էլ եղել է:

Իսկ ինչպիսի՞ հարս է:

Շատ, շատ խելոք աղջիկ է: Երբեք չի ընդգծել, որ ինքը Ծառուկյանի աղջիկն է: Մեր օջախի հարսն է, մեր աղջիկն է:

Ձեր տղայի բալիկին, երբ հարցնում եք, թե որ պապիկին է ավելի շատ սիրում, ի՞նչ է պատասխանում:

Ծառուկյանը թիկնեղ է, բնավորությամբ ավելի զուսպ, իսկ իմ վերաբերմունքը ավելի ջերմ է: Երեխաների հետ խաղում եմ, ավելի շատ ժամանակ եմ անցկացնում, քան Գագիկը եւ պարզ է, որ պետք է ինձ ավելի շատ ընդունի:

Պարոն Աբրահամյան, ասում են, որ շատ հյուրասեր եք: Բացի զուտ հյուրասիրությունից հյուրասիրությամբ ի՞նչ խնդիր եք լուծում: Հայտնի ֆիլմում ասվում է , որտեղ սրով չհաղթես, աղ ու հացով կհաղթես:

Հյուրասիրությունը սրտով հոգով պետք է անես: Իզուր չեն ասում, որ ամեն մարդու հաց չի ուտվում: Այնպիսի մեկը չկա, որ ասի իմ ձեռքի հացը չի ուտվում: Եթե մարդը ինձ հարգում, իմ հյուրասիրած հացը կիսում է ինձ համար դա պատիվ է:

Ասում են նաեւ, որ հայտնի բրենդամոլ եք, որո՞նք են Ձեր նախընտրելի բրենդները: Եթե գաղտնիք չէ, ի՞նչ արժե Ձեր ամենաթանկ եւ էժան հագուստը: Օրինակ, երբեւէ Ֆիրդուսի շուկայից գնած հագուստ կկրե՞ք:

Մարդ նախ պետք է ճաշակով եւ որակով հագնվի: Չեմ վիճում, որ նաեւ հնարավորությունների հարց է, բայց մարդ կարող է հինգ կոստյում ունենալ, բայց ոչ մեկը ճաշակով չլինի, սակայն մեկը ունենա եւ ճաշակով լինի: Դրա համար ավելի լավ է ունենալ մի լավ կոստյում, քան մի քանիսը Ֆիրդուսի շուկայի կոստյումներից, ինչպես նշեցիք: Ես, առհասարակ, դասական ոճի կողմնակից եմ:

Ձեր ընկերները ավելանո՞ւմ են, թե պակասում: Հի՞ն ընկերներն են ավելի շատ, թե` նորերը: Ձեզ համար ի՞նչը կարող է ընկերության վերջակետը դառնալ: Ի դեպ, շատերը ձեզանից վախենում են: Ինչից է:

Եթե ինձանից վախենում են ուրեմն անազնիվ են իմ նկատմամբ, իսկ եթե ազնիվ են` վախենալու ոչինչ չունեն: Ասում են, թե հին ընկերները չեն դավաճանում, բայց ես համաձայն չեմ: Քաղաքականության մեջ մարդիկ կան, որ արժեք չունենալով օճառի օգնությամբ են փորձում պաշտոնների հասնել: Սիրում եմ այնպիսի մարդկանց ովքեր գաղափարին, ընկերությանը, մարդուն նվիրվում են:

Ես բոլոր ընկերներիս հետ հարաբերությունները պահում եմ: Տարբեր պաշտոններ ստանալով երբեք չեմ փոխվել. դա իմ շրջապատն է ասում:

Այն, ինչ ունենք այսօր, Ձեզ հեշտությա՞մբ է տրվել, թե՞ զոհողությունների գնով:

Դա ինձ մեծ դժվարությամբ է տրվել, բայց այդ ամենին հասել եմ իմ անկեղծությամբ եւ հետեւողականությամբ:

Պարոն Աբրահամյան զրույցի վերջում կրկին ցանկանում եմ Չերչիլին մեջբերել: Նա ասում է. «Պետությունը, որը բավականչափ մեծ է ու ուժեղ, որ կարող է տալ Ձեզ այն, ինչ պահանջում եք, նաեւ այնքան հզոր է, որ կարող է վերցնել այն ամենը, ինչ դուք այսօր ունեք»: Ինչո՞ւ է այսօր մեր պետությունը այսպես վարվում մեր ժողովրդի հետ:

Դժգոհությունը, որը կա, ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: Մենք կարող ենք ավելի լավ աշխատել, եղած ռեսուրսները ավելի ճիշտ օգտագործել: Մենք էլ թերություն, սխալներ ունենք, որ պետք է շտկել եւ համոզված եմ, որ շտկելու ենք: Մեզ համար ամենագլխավոր պայմանը պետք է տնտեսական աճ լինի, որից ածանցվում են մյուս բոլոր լուծումները. սոցիալական խնդիրները կլուծվեն, արտագաղթը կդադարի եւ այլն: Ես համոզված եմ, որ ապագայում մարդիկ դրական փոփոխությունները իրենց վրա կզգան:

Ի՞նչ երազանք, նպատակ ունենք, որ փողով չեք կարող գնել` առողջությունից, խաղաղությունից բացի:

Շատ դժվար հարց է: Հավատարմությունը: Ձեր ասածին նաեւ կավելացնեմ երջանկությունը, ընտանիքը, հաջողությունը: Արժեքներ շատ կան, որոնք փողով հնարավոր չէ գնել:

Դե պարոն Աբրահամյան, այդ դեպքում Աստված առաջին հերթին թող ձեր այն երազանքները իրականություն դարձնի, որոնք փողով չեք կարող գնել:

Զգացված եմ:

Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ