News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բրյուսելից Երեւան ժամանող նախագահ Սերժ Սարգսյանին դիմավորելու ժամանակ՝ «Զվարթնոց» օդանավակայանում հոկտեմբերի 19-ին միջադեպ է գրանցվել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ , Հայաստանի օլիմպիական կոմիտեի ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջեւ:

Արթուր Բաղդասարյանի մամուլի քարտուղար Արթուր Միսակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ միջադեպ է եղել:

«Եղել է տղամարդկային բանավեճ՝  կապված Վոլեյբոլի ֆեդերացիայի հետ: Բանավեճը ունեցել է քաղաքակիրթ ավարտ, նախագահին դիմավորելուց հետո յուրաքանչյուրը իր մեքենայով հեռացել է՝ մնալով իր կարծիքին»,- նշեց նա:

Իսկ թե կոնկրետ ինչ հակասություններ են ունեցել Արթուր Բաղդասարյանը եւ Գագիկ Ծառուկյանը Վոլեյբոլի ֆեդերացիայում օրերս կայացած ընտրության հետ, մամուլի քարտուղարը մանրամասներին չէր տիրապետում եւ կոռեկտ չհամարեց այլ բան ասել:

Հարցին, արդյոք հնչե՞լ է հայհոյանք, թե՞ ոչ, Արթուր Միսակյանը պատասխանեց. «Արթուր Բաղդասարյանը 20 տարվա քաղաքական թոհուբուհով անցած քաղաքական գործիչ է, եւ չկա մի մարդ Հայաստանում եւ Հայաստանի սահմաններից դուրս, որը կարող է անհարգալից խոսել պարոն Բաղդասարյանի հետ եւ մնալ անպատասխան»:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ  հոկտեմբերի 19-ի երեկոյան Բրյուսելից Երեւան ժամանող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին դիմավորելիս Գագիկ Ծառուկյանի եւ Արթուր Բաղդասարյանի միջեւ թեժ վիճաբանություն է եղել, որը հասել է ընդհուպ հայհոյանքների:

ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակից առայժմ չի հաջողվել մեկնաբանություն ստանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ