Լեւոն Հայրապետյանի կալանավորումը Ռուսաստանի ԱԴԾ-ի եւ Ադրբեջանի հատուկ ծառայությունների համագործակցության հետեւանքն էր, մինչդեռ ՌԴ իշխանությունները կարող են կապ չունենալ կատարվածի հետ: Այս մասին հուլիսի 22-ին հայտարարել է Արցախյան պատերազմի հերոս, գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս):
Ըստ նրա՝ Լեւոն Հայրապետյանի կալանավորումը ոչ ոքի համար սպասելի չէր, սակայն ամեն սկիզբ ունի իր կազմակերպիչներն ու կատարողները: «Տեղի ունեցածը ՌԴ իշխանությունների հետ կապ չունի, այլ երկու երկրների հատուկ ծառայությունների համագործակցության հետեւանքն էր: Սա ԱԴԾ-ի աշխատանքի խորհրդային համակարգն է. նրանք կարող են ցուցումներ ստանալ կառավարությունից, այս կամ այն գործը հարուցել, սակայն թե ում են ձերբակալում գործի շրջանակում, իշխանությունները կարող են եւ չիմանալ: Հայրապետյանի ձերբակալման օրը մենք միասին Արցախում էինք, ինչից հետո նա մեկնեց Մոսկվա: Ընդ որում, օդանավակայանում հայտարարել էին, որ նա ժամանել է Մոնակոյից: Նրան արդեն հետեւում էին Ադրբեջանի հատուկ ծառայությունները:
Տեր-Թադեւոսյանը նշել է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները վաղուց են հետեւում Հայրապետյանին՝ լուրեր տարածելով, թե նա հովանավորում է Ղարաբաղի բանակին, իր սեփական բանակն է ստեղծում. «Իրականում Հայրապետյանը հովանավորում է զինվորական ուսումնարանի կառուցումը: Սա չի կարող չգրգռել ադրբեջանցիներին, որոնք իրենց առաջ նպատակ դրեցին եւ հասան ուզածին: Հետաքննությունից հետո ամեն ինչ կպարզվի»: