News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Նոյեմբերի 5-ի գործով ամբաստանյալ, «Ցեղարկրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը ցանկանում է, որ դատարանը որպես իրեղեն ապացույց ճանաչի այն զրահաբաճկոնը, որն ինքը Նոյեմբերի 5-ին ոստիկանության հետ ընդհարումից առաջ հագցրել էր իր անչափահաս որդուն՝ Շահեն Հարությունյանին։ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝օգոստոսի 23-ին, Շանթ Հարությունյանը հանդես եկավ նման միջնորդությամբ։

«Զրահաբաճկոնը ցույց է տալիս, որ մենք պաշտպանվել ենք պրովոկատորներից։ Եթե մենք ուզենայինք վնասել, ոչ թե զրահաբաճկոն, այլ պիստալետ կտանեինք։ Միակողմանի քննություն է կատարվել։ Ասեցի, թե՝ այ շակալներ, ինձ խփեք, ոչ թե տղուս, ինչի՞ չեն արձանագրել էդ։ Իրանց հանձնարարել էին,  որ ինձ ու Շահենիկին սպանեն։ Միջնորդում եմ իրեղեն աացույց ճանաչել, մեղադրող կողմը միտումնավոր կեղծել ա, որ իրա մեղադրանքը հիմնավորի եւ շառը սարքի»,- ասաց Շանթ Հարությունյանը եւ անվստահություն հայտնեց դատախազին։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց Շանթ Հարությունյանի միջնորդությունը։

Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ ինքն է եղել  երթի կազմակերպիչը եւ խնդրեց վերաորակել իրեն առաջադրված մեղադրանքը՝«Ես կազմակերպիչն եմ, ու չի կարա ղեկավարը չմեղադրվի էն մեղադրանքով, որով մեղադրվում են մյուսները։ Սուտ ա որեւէ մեկի վրա մի մեղադրանք դնել, որը Շանթի վրա չկա, դա շառ ա»։

Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը դատարանից ժամանակ խնդրեց միջնորդությունների պատրաստվելու համար։

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Նրան առաջադրված մեղադրանքը վերաորակվել է եւ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությունը:

Տպել
Ամենաշատ