
Վանաձորում հոկտեմբերի 12-ին դանակահարության պատճառով մահացած 15-ամյա Դավիթ Հովակիմյանի գործով կալանավորված Կարեն Կունգորցեւին առաջադրված մեղադրանքը փոխվել է. նրան այժմ մեղադրում են սպանության փորձ կատարելու մեջ: Այս մասին NEWS.am-ին ասաց Կարենի փաստաբան Արայիկ Պապիկյանը:
«Ձեւական առումով մեղմացվել է մեղադրանքը, սակայն խափանման միջոց չեն փոխի, որովհետեւ կստացվի, որ անիմաստ 10 ամիս պահել են կալանքի տակ: Իմ պաշտպանյալն այս դեպքի հետ ոչ մի կապ չունի, նա հերքում է իր մասնակցությունը: Կարենին կալանավորել են միայն նրա համար, որ այգու տեսախցիկները ֆիքսել են, որ մինչեւ միջադեպը՝ նա անցել է այգու միջով»,- ասաց նա:
Արայիկ Պապիկյանի խոսքով՝ գործով նախաքննությունը մի քանի օրից կավարտվի, որից հետո իրենք մանրամասներ կհայտնեն:
Ի դեպ, Վանաձորում շրջանառվում են լուրեր, որ 15-ամյա Դավիթ Հովակիմյանին սպանել է ԱԱԾ աշխատակցի որդին, որին էլ իրավապահ մարմինները խնամքով թաքցնում են:
Նշենք, որ այս գործով օգոստոսի 26-ին ձերբակալվել է Վանաձոր» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Վլադիմիր Ղուկասյանը: Ըստ ոստիկանության՝ 15-ամյա տղայի կյանքը հնարավոր կլիներ փրկել, սակայն բժիշկը թերացել է:
Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության՝ հոկտեմբերի 12-ին, ժամը 19.35-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի բնակիչ, 15-ամյա Դավիթ Հովակիմյանը՝ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ: Նույն օրը ժամը 22.00-ի սահմաններում Դ. Հովակիմյանը հիվանդանոցում մահացել է: Հոկտեմբերի 13-ին, ժամը 01.50-ին սպանությունը կատարելու կասկածանքով իր բնակարանից բերման է ենթարկվել 1991թ. ծնված, նախկինում դատապարտված Կարեն Կ.-ն՝ «Քուրդ» մականունով: Պարզվել է, որ նա հոկտեմբերի 12-ին ժամը 19.20-ի սահմաններում Վանաձորի Կ. Դեմիրճյան փողոցի հարևանությամբ գտնվող այգում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է Դ. Հովակիմյանին և պատճառել մահ: Կարեն Կ.-ն ձերբակալված է: Նախաքննությունը շարունակվում է: Նշենք, որ Դավիթը Վանաձոր էր մեկնել՝ հանդբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար: