News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի կառավարությունն ու նախագահ Իլհամ Ալիեւը շատ դրամ են ծախսում, որպեսզի ամերիկյան նահանգներն աջակցեն իրենց եւ դեմ հանդես գան Լեռնային Ղարաբաղին, սակայն նրանց ջանքերը ձախողվում են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայ Դատի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի կողմից առաջ քաշվող գաղափարները դեմ են ամերիկյան արժեքներին:

Նման քաղաքականություն է տարվում նաեւ այլ երկրներում: Օրինակ, ըստ Համբարյանի, Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է հատկացրել Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյին՝ զբոսայգին վերանորոգելու համար, բայց պայմանով, որ զբոսայգու կենտրոնում տեղադրվելու է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի հուշարձանը: «Մեքսիկացիների առաջին արձագանքն էր՝ այո, քանի որ նրանք այդ գումարի կարիքն ունեին, բայց հետո, երբ մի քիչ մտածեցին, հասկացան, որ Մեքսիկան այն երկիրը չէ, որը ցանկանում է, որպեսզի իր երեխաները զբոսայգում բռնապետի արձան տեսնեն»,- ընդգծեց Արամ Համբարյանը:

Հիշեցնենք, որ 2012 թվականի օգոստոսին Մեխիկոյի կենտրոնական զբոսայգիներից մեկում տեղադրված Հեյդար Ալիեւի արձանը, քաղաքային իշխանությունների որոշմամբ, 2013 թվականի հունվարի վերջին ապամոնտաժվեց:

Ադրբեջանը շուրջ 5 մլն դոլար էր ծախսել Մեխիկոյում երկու զբոսայգի վերանորոգելու համար, ինչից հետո Ալիեւ-ավագի հուշարձանը կանգնեցնելու թույլտվություն ստացավ: Մեքսիկայի մայրաքաղաքում բողոքի մի քանի ակցիա անցկացվեց, որոնց մասնակիցները հայտարարեցին, որ չեն ցանկանում հերոսների հուշարձանների կողքին հազարավոր կիլոմետրեր այն կողմ գտնվող երկրի բռնապետի արձան տեսնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ