Եվրոպացի պատգամավորներին կրկին ներկայացվել է ղարաբաղյան հակամարտության հարցում հայկական կողմի դիրքորոշումը: Այս մասին հոկտեմբերի 20-ին լրագրողներին հայտնել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Հայաստանի պատվիրակության մասնակցությունը Ժնեւում հոկտեմբերի 12-17-ին կայացած Միջխորհրդարանական միության (IPU) նիստին:
«Մենք նշեցինք, որ Ղարաբաղի ժողովրդի պայքարը ինքնորոշման իրավունքի իրացումն է, այլ ոչ թե Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջը: Շոտլանդիայի օրինակը, որն իր ճակատագիրը տնօրինելու իրավունք էր ստացել, ցույց տվեց, որ մենք չպետք է հետեւենք երկակի ստանդարտների եւ հարգենք ժողովուրդների ինքնորոշման հիմնական իրավունքը», - հավելել է նա: Ըստ Շարմազանովի` եվրոպացի խորհրդարանականները, այդ թվում նաեւ Բունդսթագի նախագահ Նորբերտ Լամերտը, նշել են հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով` ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափով լուծելու անհրաժեշտությունը: