News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Վլադիմիր Պուտինի եւ Արեւմուտքի միջեւ գաղափարական նոր ճեղքվածքում կողմերը կիսում են ռեժիմի փոփոխության գաղափարը: Այս մասին գրում է Քարնեգիի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը:

Նրա խոսքով, արեւմտյան ժողովրդավարությունների պարագայում ռեժիմի փոփոխությունը պարբերական է եւ անխուսափելի, եւ ընտրական շրջանի մաս է կազմում, երբ առաջնորդները փոխվում են եւ նորերն են գալիս: «Իսկ Պուտինի համար ռեժիմի փոփոխությունը չարիք է, ինչպես ցանկացած երեւույթ հարեւանների մոտ, որը նախադեպ է ստեղծում եւ ոգեշնչում է ռուսական ընդդիմությանը: Հնարավոր է՝ Պուտինի համար Ուկրաինայում երկրորդ «գունավոր հեղափոխությունն» եւ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկությունը նրա 14-ամյա կառավարման անկում էին նշանակում»,- գրում է վերլուծաբանը:

Թոմաս դե Վաալն առաջարկում է խորանալ այդ երեւույթի արմատների մեջ՝ նշելով, որ ռուսական վերնախավը հավատում է այն բանին, որ ռեժիմի փոփոխությունն անկայունություն է սերմանում աշխարհում եւ ընդհանրապես վատ գաղափար է:

Հեղինակի խոսքով, այս հարցում հետխորհրդային տարածքում երկրները երկու ճամբարի են բաժանվում. Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան, որոնք արեւմուտքի մոդելն ընդունեցին, եւ մնացածը, որոնք պաշտպանում են Ռուսաստանի դիրքորոշումը:

«Հայաստանն ու Ադրբեջանը երկրներ են, որոնք անհաշտ մրցակիցներ են, բայց հավատարիմ են Ռուսաստանի տեսակետին: Պարզ ասած՝ Ռուսաստանը երկու երկրների վերնախավերին էլ «ապահովագրություն» է տրամադրում, ինչը որեւէ այլ երկիր չի կարող առաջարկել»,- գրում է Դե Վաալը:

Վերլուծաբանն ընդգծում է, որ Արեւմուտքի դեմ գաղափարական շրջադարձն Ադրբեջանում վերջին շրջանում հստակ կերպով արտահայտվեց արեւմտամետ ակտիվիստների դեմ հարձակումների շարքով: Մոսկվայի եւ Բաքվի միջեւ փոխհամաձայնության սկիզբը, թերեւս, արմատներով հասնում է մինչեւ 2012 թվականի ընտրարշավը, երբ Ալիեւի գլխավոր ընդդիմախոս Ռուստամ Իբրահիմովին մերժեցին Ռուսաստանի քաղաքացիության հարցում:

Դե Վաալն ընդգծում է, որ հիմնական պատճառը, թե ինչու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց Պուտինի Եվրասիական նախագծի տակ, քաղաքական է. եթե նա հրաժարվեր, նա բոլոր հիմքերը կունենար՝ մտահոգվելու համար, որ Կրեմլը կաժսատարի «համակարգային ընդդիմությանը», որը խմբավորվել է օլիգարխ Գագիկ Ծառուկյանի եւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ, որը սեփական սերտ հարաբերություններն ունի Մոսկվայի հետ:

«Սարգսյանն ազատվեց իր տեխնոկրատ վարչապետից եւ նշանակեց Հովիկ Աբրահամյանին, ով ավելի ընդունելի է ռուսական մոդելի համար: Ինչպես Երեւանը, այնպես էլ Բաքուն եւ Կենտրոնական Ասիայի երկրները, ամենայն հավանականությամբ, որոշեցին, որ Մոսկվան կարող է իրենց պաշտպանել  ցանկացած պոտենցիալ Մայդանից կամ արաբական գարունից: Նրանք պետք է հարցադրում անեն, թե փոխարենն ինչ է ուզում Ռուսաստանի ղեկավարությունը»,- ամփոփում է հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ