Հայաստանում չկա մանկական հեռուստաալիք, եւ մենք ուսուցողական բնույթի մանկական հաղորդումների կարիք ունենք: Այս մասին այսօր` մարտի 4-ին՝ Մանկական հեռուստատեսության և ռադիոհեռարձակման միջազգային օրը, լրագրողներին ասաց հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սամվել Խուդոյանը` նշելով, որ մեր հեռուստաալիքները պետք է նոր ռազմավարություն մտածեն` դաստիարակչական և ուսուցողական բնույթի մանկական հաղորդումներ հեռարձակելու համար:
«Ունեինք մանկական հեռուստաալիք՝ «Հայրենիքը», որը ցավոք փակվեց: Այսօր մեր հեռուստաալիքներով ցուցադրում են մի քանի մանկական հաղորդումներ, որոնք, սակայն, չունեն դաստիարակչական, ուսուցողական բնույթ: Ունենք լեզվի ուսուցմանը նվիրված ընդամենը մի քանի հաղորդում, որոնք շատ քիչ են, և երեխաները չեն էլ դիտում, քանի որ հատուկ ռազմավարություն չկա, թե մանկական հաղորդումները որ ժամին և որ օրերին է ճիշտ հեռարձակել, որպեսզի երեխաները նստեն հեռուստացույցի դիմաց և դիտեն դրանք»,-ասաց հոգեբանը:
Սամվել Խուդոյանի խոսքով՝ այսօր արբանյակային հեռուստատեսությունով հեռարձակվող արտասահմանյան բազմաթիվ մանկական հաղորդումներն ու մուլտֆիլմերը շատ ցածր մակարդակի վրա են, անգամ՝ «հակաբարոյական», որոնք երեխաներին կախվածության մեջ են գցում:
«Ծնողները պետք է հետևողական լինեն և թույլ չտան երեխաներին այդ մուլտֆիլմերն ու հաղորդումները դիտել: Մեր հեռուստատեսություններին առաջարկում եմ նոր մանկական հաղորդումներ հեռարձակել, որոնք երեխաներին առողջ ապրելակերպ կսովորեցնեն, որոնց սկզբունքը կլինի մանկական ճիշտ դաստիարակություն տալն ու ուղղված կլինեն երեխայի բարոյական զարգացմանը: Մեր հեռուստաալիքները պետք է հոգեբանական բնույթի հաղորդումներ հեռարձակեն, որոնցով երեխաներին կուսուցանվեն նաև կյանքի հմտություններ»,– ասաց հոգեբանը: