«Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայությունը և շոտլանդական FCC ընկերությունը սննդային ծագման հիվանդությունների վերահսկման մեխանիզմներ են առաջարկում:
Այսօր՝ մարտի 4-ին, Երեւանում մեկնարկել է «Սննդային ծագման հիվանդությունների ռիսկերի գնահատում» թեմայով սեմինարը, որի նպատակն էր ներկայացնել Հայաստանում սննդային ծագման հիվանդությունների մասին հաշվետվության արդյունքները` ներառյալ ներկա իրավիճակի նկարագրությունը եւ հետագա գործողությունները:
Սեմինարը «Հիվանդությունների վերահսկման կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում էր, որն իրականացվել է «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայությունը շոտլանդական Food Control Consultants (FCC) հայտնի ընկերության հետ համատեղ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ:
Ինչպես սեմինարի բացմանը նշեց «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը «Հիվանդությունների վերահսկման կարողությունների հզորացում» ծրագիրը մեկնարկել է 2014թ-ին սեպտեմբերին եւ նպատակ ունի աջակցելու Հայաստանում սննդային ծագման հիվանդությունների հատուկ վերահսկման համակարգի ստեղծմանը:
«Այն շատ հետաքրքիր ոլորտ է մեզ համար: Մեր վերլուծությունների միջոցով փորձել ենք հասկանալ` ինչ խնդիրներ եւ ռիսկեր կան եւ ինչ միջոցներ պետք է ձեռնարկել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, որպեսզի նվազեցնի այդ ռիսկերը: Այս երկօրյա սեմինարի ընթացքում մենք կիրականացնենք նաեւ համապատասխան պարապմունքներ` վերահսկման մեխանիզմներն առավել հանգամանորեն ներկայացնելու նպատակով»,- ասաց Տ.Ջրբաշյանը:
Ծրագրի իրականացման համար խորհրդատվական ծառայություններ մատուցած փորձագիտական թիմի ղեկավար Բոյկո Լիկովի խոսքով` վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանում ոչխարների, այծերի, խոշոր եղջերավոր կենդանիների շրջանում առավել հաճախ հանդիպում է բրուցելոզ հիվանդությունը: «Հիվանդացությունը 60-70 տոկոսով ավելի շատ է Հայաստանում գրանցվում, քան ԵՄ երկրներում: Ուստի մշակել ենք բրուցելոզի դեմ պայքարի համապարփակ ծրագիր»,- ասաց նա:
Փորձագետ Ծովինար Մելքոմյանը նշեց, որ վերլուծության ընթացքում նախանշվել են այն խնդիրները, որոնք առկա են գյուղատնտեսության ոլորտում. «Հայաստանում կենդանիների շրջանում առավել տարածված են 4 հիվանդություններ` բրուցելոզ, սիբիրախտ, էխինակոկ եւ սալմանելյոզ: Նախ պետք է իրականացվեն կենդանիների համարակալման աշխատանքներ, որպեսզի հնարավոր լինի կիրառել համապատասխան կանխարգելման միջոցառումներ Առաջարկվում է նաեւ ավելացնել սպանդանոցների թիվը, զուգահեռաբար ստեղծելով տվյալների բազա: Այս ամենը կարող է դրականորեն նպաստել կենդանիների վերահսկման գործընթացին»: