News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Ծաղկաձորում ապրիլի 17-19-ն անցկացվող «Հայաստանի Հանրապետության տնտեսական համակարգը. նորարարություն, զարգացում, իրագործում» խորագրով միջբուհական ուսանողական գիտաժողովի աշխատանքներին:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ արդի աշխարհում երիտասարդության մտավոր եւ ֆիզիկական կարողությունների նպատակային կիրառումը պետության եւ հասարակության կայուն զարգացման կարեւոր նախապայմաններից է: Այդ իսկ պատճառով Հայաստանի Հանրապետության կառավարությունը երիտասարդության՝ հասարակության մեջ ակտիվ ներգրավման եւ սոցիալական ապահովման հետ կապված խնդիրները հայտարարել է պետական սոցիալական քաղաքականության ռազմավարական ուղղություն: «Մենք մի շարք ծրագրեր ենք իրականացնում՝ ուղղված երիտասարդության զբաղվածության եւ սոցիալական խնդիրների լուծմանը: Մասնավորապես՝ հիպոթեքային համակարգից օգտվելու հնարավորությունների ընձեռումն այնպիսի ծրագրի միջոցով, ինչպիսին է երիտասարդ գիտնականներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիրը: Խթանման մեխանիզմներ են սահմանվել նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սկսնակ գործարարների համար: Սակայն խնդիրները բազմաբնույթ են, եւ դեռեւս շատ անելիքներ ունենք: Վստահ եմ, որ երկրի տնտեսական վերելքին զուգահեռ մենք ի վիճակի կլինենք զգալիորեն բարելավել իրավիճակը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այսօր մեր ամենալուրջ խնդիրներից  մեկը զբաղվածության հարցն  է: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ գործազրկության մակարդակի նվազեցման եղանակներից մեկը մասնագիտական հմտությունների բարձրացումն է եւ երիտասարդության ներգրավումը ձեռնարկատիրական գործունեության մեջ: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ, գիտակցելով տնտեսության հետագա զարգացման համար նորարարության կարեւորությունը, կառավարությունը որդեգրել է գիտելիքահեն տնտեսություն կառուցելու ուղին, որի նպատակով հստակ քայլեր են ձեռնարկվել, եւ արդյունքները արդեն իսկ տեսանելի են:  «Այս համատեքստում,  ուրախալի է, որ Հայաստանի տնտեսության առաջընթացի մասին մտածում են նաեւ երիտասարդները, ուսանողները, որոնց նորարարական մոտեցումները, հիմնավոր առաջարկներն ու արժեքավոր հետազոտությունները կարող են գործուն նշանակություն ունենալ տնտեսության զարգացման համար»,- նշել է վարչապետը:

 Հովիկ Աբրահամյանը նաեւ գովելի է համարել, որ համաժողովի մասնակիցները մեծ ուշադրություն են հատկացնում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: Գիտաժողովն ունի հատուկ բաժին, որտեղ ներկայացվելու են «Ցեղասպանության հետեւանքով հայ ժողովրդի կրած նյութական կորուստները եւ դրանց փոխհատուցման հնարավորությունները» թեմայով զեկույցներ: Վարչապետի խոսքով, այս քայլը ոչ միայն վկայում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման եւ հիշատակի միջոցառումներին երիտասարդների մասնակցության մասին, այլեւ յուրօրինակ կոչ է համաշխարհային երիտասարդությանն անտարբեր չգտնվելու եւ նպաստելու նմանատիպ ոճրագործությունների կանխարգելմանը:

Այս գիտաժողովն անցկացվում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հիմնադրման 85-ամյակի շրջանակում: «Այն Հայաստանի բուհական հաստատությունների շարքում իր առանձնահատուկ տեղն ու դերն ունի, եւ ես, որպես համալսարանի խորհրդի նախագահ, բուհի հաջողություններով հպարտանալու շատ առիթներ եմ ունենում»,- նշել է Հովիկ Աբրահամյանը եւ շնորհավորել համալսարանի ողջ պրոֆեսորադասախոսական անձնակազմին եւ ուսանողներին հոբելյանի առթիվ, մաղթել նորանոր հաջողություններ եւ գիտական նվաճումներ:

Վարչապետն անդրադարձել է նաեւ տնտեսության զարգացման հեռանկարներին, այդ ուղղությամբ իրականացվող քայլերին: «Ես հուսով եմ եւ համոզված, որ այն ծրագրերը, որոնք կյանքի են կոչվում եւ ընթացքի մեջ են՝ 2015 թվականի երկրորդ կիսամյակից կտան իրենց արդյունքները:  Չնայած կան բազմաթիվ կանխատեսումներ, որ մենք ունենալու ենք տնտեսական անկում՝ հաշվի առնելով տարածաշրջանի լարվածությունը, Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունները եւ այն պատժամիջոցները, որոնք կիրառվում են Ռուսաստանի նկատմամբ,  սակայն ես համոզված եմ, որ մենք 2015 թվականին արձանագրելու ենք տնտեսական աճ»,- նշել է վարչապետը: Կառավարության ղեկավարըի խոսքով՝ ոչ ոք չէր կարող ծրագրել, որ 2015 թվականին կարձանագրվի ռուսական ռուբլու արժեզրկում, ինչը նաեւ իր բացասական ազդեցությունն է ունենում Հայաստանի տնտեսության վրա: Չնայած դրան, Հովիկ Աբրահամյանն փաստել է, որ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ՀՀ-ում արձանագրվել է 1,8 տոկոսի տնտեսական աճ՝ նշելով, որ առաջին եռամսյակում  դրական տեղաշարժն ակնհայտ կլինի: «Առաջիկա օրերին տվյալները կհրապարակվեն եւ կարծում եմ, որ մենք կունենանք 2,5-3 տոկոսի տնտեսական աճ, եւ ես համոզված եմ, որ մեր միասնական ուժերով 2015 թ. իրականացվող բոլոր ծրագրերն իրենց դրական արդյունքները կտան մեր տնտեսության զարգացման գործում»,-նշել է վարչապետը, հավելելով նաեւ, որ քննադատությունները, կանխատեսումները նաեւ զգոնություն են հաղորդում կառավարությանը:  «Մենք դեռ շատ անելիքներ ունենք, եւ ես կարեւորում եմ նաեւ երիտասարդության աջակցությունը»,- նշել է կառավարության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Ամենաշատ