Փարիզում Հայոց ցեղասպանությանը նվիրված «100-ամյա հիշողություն» մեծ համերգը բավական լուրջ նշանակություն ունի արվեստի միջոցով Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու գործում։ Այս մասին ապրիլի 20-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերային եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը։
Փոխնախարարի խոսքով՝ համերգը տեղի է ունենալու Շատլի համերգասրահում, որը Փարիզի հնագույն երաժշտական սրահներից մեկն է։ Համերգը Orange Armenia ընկերության միջոցով ուղիղ հեռարձակվելու է Երեւանում։ «Համերգին մասնակցելու են 50 տարբեր երգչախմբեր, որոնց բոլորին միավորում է հայկական ծագումը։ Սիմֆոնիան կշարունակվի մոտ 30 րոպե»,- ընդգծել է Սամուելյանը։
Իր հերթին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը նշել է, որ միջոցառումը կընթանա Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների բարձր հովանու ներքո։ «Դա բացառիկ միջոցառում է, քանի որ մենք առաջին անգամ տեխնիկական լուծում ենք գտել Փարիզում ընթացող համերգը հայ հանդիսատեսին ներկայացնելու համար։ Մուտքը կլինի ազատ»,- ընդգծել է նա։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան՝ մշակութային հարցերով խորհրդական Ժան Միշել Գասպարյանի խոսքով՝ այդ համերգը շատ կարեւոր ժամանահատվածում է տեղի ունենում։ «Մենք ցանկանում ենք ցույց տալ ստեղծագործության եւ ապագայի կապը։ Համերգին հնչելու են ոչ միայն Կոմիտասի, Խաչատրյանի եւ Մոցարտի, այլ նաեւ երիտասարդ երաժիշտ Միշել Պողոսյանի ստեղծագործությունները։ Դրանով մենք ուզում ենք ցույց տալ, որ հայ ազգը ապագա ունի»,- ասել է ծագումով հայ ֆրանսիացի դիվանագետը։
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին՝ ժամը 21։30-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերային եւ բալետի թատրոնում Փարիզի Շատլ թատրոնից ուղիղ եթերով կհեռարձակվի «100-ամյա հիշողություն» համերգը։