News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը


 

Վառնայում ապրիլի 23-ին սկսվեցին Հայոց ցեղասպանության 100-ամյակի բուն միջոցառումները. Երեւանի ժամանակով ժամը 17:15-ին Վառնայի ս. Սարգիս եկեղեցում սկսվեց Մեծ եղեռնի զոհերի սրբադասման արարողության ուղիղ եթերով հեռարձակումը, որին հետեւում էին տասյակ հայորդիներ: Ժամը 19:15-ին եկեղեցում հնչեցին 100 գուժկան զանգեր, որից հետո Տ. Բարթուղիմեոս քահանա Հակոբյանը ներկաներին հակիրճ ներկայացրեց օրվա խորհուրդը:

Երեկոյան ժամը 20:00-ին, Բուլղարիայի հայերի միության նախաձեռնությամբ եկեղեցու բակից սկսվեց ջահերով երթ, որը Բուլղարիայում առաջին անգամ է կատարվում եւ աննախադեպ երեւույթ էր Բուլղարահայ համայնքի կյանքում:

Երթի մասնակիցները 100 վառված ջահերով քայլեցին Վառնայի փողոցներով եւ հասան մինչեւ Հայոց ցեղասպանության հուշարձան, որը գտնվում է Վառնայի քաղաքապետարանի հարեւանությամբ: Երթի ընթացքում մասնակիցները երգում էին շարականներ եւ հայրենասիրական երգեր:

Երթի մասնակիցները մոտ մեկ ժամ անց հասան Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ: Այնտեղ Տեր Բարդուղիմեոսն իր խոսքում նշել է. «Մենք պետք է վստահ լինենք, որ Թուրքիան գլուխ պիտի խոնարհի մեր առաջ ու ներողություն պիտի խնդրի: Սա ոչ թե ողորմության պայքար է, այլ պահանջատիրության»:

Նշվել է, որ այս երթը բուլղարահայ համայնքում ավանդական է դառնալու:

Ներսես Կետիկյանը Բուլղարահայ համայնքի անունից իր հիասթափությունը հայտնեց ներկայիս Բուլղարիայի կառավարության վախկոտ քաղաքականությունից: «Քանի դեռ Բուլղարիայի կառավարությունը չի ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը, չի կարող լինել քաղաքակիրթ աշխարհի լիարժեք մի մասնիկը: Եվրոպական Միության անդամ լինելը նշանակում է կիսել նրա արժեհամակարգը: Մինչդեռ ողջ Եվրոպան ճչում է Թուրքիայի երեսին, որպեսզի ընդունի Հայոց ցեղասպանությունը, Բուլղարիայի կառավարությունը պահպանում է քար լռություն եւ ամեն ինչ անում է, որպեսզի չնեղացնի իր հարավային հարեւանին: Սա մեծ ամոթ է, որի հետեւանքների կրողը եղբայրական բուլղար ժողովուրդն է, որի ազնիվ զավակները այս պահին մեր կողքին են»,- իր խոսքում նշեց Բուլղարիայի հայերի միության ներկայացուցիչը:

Երթին մասնակցում էին նաեւ բուլղար բարեկամներ, ովքեր իրենց համերաշխությունը հայտնեցին հայ ժողովրդին եւ նշեցին, որ ամոթ են զգում այն փաստից, որ Բուլղարիան տակավին չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Նշենք, որ Վառնայի քաղաքապետարանի հարեւանությամբ գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձանը, որը ամբողջությամբ պատրաստված է Հայաստանում, կանգնեցվել է 2005 թվականին, Երեմ եւ Հարություն Հովսեփյաններ եղբայրների անձնական միջոցներով եւ ջանքերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ