Ոստիկանները Բաղրամյան պողոտայում ցուցարարներին բերման ենթարկելիս բռնություն են կիրառել (ֆոտոռեպորտաժ): Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց անչափահաս՝ 16-ամյա ցուցարար Տիգրան Կիրիշչյանը, ում եւս ուժով բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին, ապա պարզելով, որ անչափահաս է՝ ազատ արձակել:
Նրա խոսքով, Բաղրամյան պողոտայում ոստիկանները անսպասելի մոտեցել են իրեն, հարվածել մեջքին եւ թեւերից քաշելով տարել: Նա անգամ ցույց է տվել հարվածից կարմրած մեջքն ու բազուկները:
Ոստիկանության Արաբկիրի բաժնից ազատ արձակվածները նշել են, որ իրենց նկատմամբ եւս ուժ է կիրառվել բերման ենթարկելիս:
Նրանցից մեկի մատը դուրս է ընկել բերման ենթարկելիս: Շտապօգնության մեքենայով նրան ոստիկանությունից տեղափոխեցին հիվանդանոց:
Այս պահին ոստիկանության Արաբկիրի բաժնում է պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ բերման ենթարկվածների նկատմամբ մեղադրանք չի առաջադրվելու, նույնիսկ վարչական վարույթ չի հարցուցվելու եւ նրանց հավանաբար 3 ժամ հետո բաց կթողնեն։
Այս պահին արդեն 6 անձի ազատ են արձակել ոստիկանության Արաբկիրի բաժնից, այդ թվում աղջիկների: