Ամերիկյան Վիսքոնսին նահանգում զենքի Badger Guns խանութի սեփականատերերը 6 մլն դոլար կվճարեն 2 ոստիկանների, որոնք վիրավորվել են այդ խանութից գնած զենքից: Նման վճիռ է կայացրել Միլուոքի քաղաքի դատարանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Գործի նյութերի համաձայն, ոստիկանության սպա Բրայան Նորբերգը եւ նրա նախկին գործընկեր Գրեմ Քունիչը 2009-ին իրավախախտին ձերբակալելու ժամանակ ծանր վիրավորվել են: Նրանցից առաջինը կաղ է մնացել, երկրորդը կուրացել է եւ ավելի ուշ ազատվել իրավապահ համակարգից:
Պարզվել է, որ Taurus մակնիշի ատրճանակը (արտադրվում է Բրազիլիայում) հանցագործը անօրինական կերպով գնել է միջնորդից , որն իր հերթին այն գնել է Badger Guns խանութից:
Դատարանը որոշել է, որ Badger Guns խանութի սեփականատերերը մեղավոր են «հանցավոր անփութության մեջ»: