Ռուսաստանի Պետդումայի փոխնախագահ Նիկոլայ Լեւիչեւը Ռոսավիացիային հարցում է ուղարկել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ավիահաղորդակցության անհապաղ դադարեցման մասին, մինչեւ միջոցներ ձեռք առնվեն թուրքական օդանավակայաններում ահաբեկչության բոլոր հնարավոր աղբյուրների վերացման ուղղությամբ:
Թուրքիայի ազգային Turkish Airlines ավիափոխադրողը ներկայումս Ստամբուլից եւ թուրքական այլ քաղաքներից չվերթներ է իրականացնում դեպի մի շարք բնակավայրեր, որոնք ահաբեկչության բարձր վտանգի գոտում են, ասվում է հարցման մեջ: Միաժամանակ այդ նույն թուրքական օդանավակայաններից ինքնաթիռներ են ուղարկում ռուսական տարբեր քաղաքներ, ասել է Լեւիչեւը, տեղեկացնում է РБК-ն:
«Արդար Ռուսաստանի» փոխնախագահի խոսքով, այս պայմաններում, երբ Թուրքիայի իշխանությունների վերաբերմունքը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը չի կարելի բացասական անվանել, առկա է գրոհայինների` թուրքական օդանավակայաններ ներթափանցման մեծ ռիսկ, ինչը կարող է հանգեցնել ռուսական ինքնաթիռների համար ահաբեկչական սպառնալիքի մեծացմանը: