«Կոմերսանտ» թերթում ադրբեջանական կողմին տարածքային զիջումներ անելու մասին հրապարակումը օճառի պղպջակ է, որն ուղղված էր հասարակական կարծիքի զոնդավորմանը։ Այս մասին նոյեմբերի 24-ին «Ղարաբաղյան հիմնահարց. Հայկական դիվանագիտության խնդիրներն ու հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ ասել է տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը։
Նրա խոսքով՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին այցը Հայաստան ավելի շուտ կապված էր Սիրիայում ռազմական իրավիճակի հետ։ «Թուրք-սիրիական «հարսանիքն» ավարտվեց։ Սիրիայի ենթատեքստում հնարավոր է Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարողանան ընդհանուր հայտարարի գալ։ Էրդողանն ու Պուտինը անձնական թշնամիներ են դարձել, դա մեզ համար լավ է»,- ընդգծել է Ռիչարդ Կիրակոսյանը։
Հիշեցնենք, ո NEWS.am-ի հարցին, թե ՀՀ իշխանությունները ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Երեւան կատարած վերջին այցի ժամանակ քննարկել են արդյոք ադրբեջանական կողմին տարածքային զիջումներ անելու կամ ղարաբաղյան հակամարտության կարգավորման այլ ցավոտ հարցերը, Հայաստանում ՌԴ դեսպանատնից պատասխանել էին, որ Երեւան կատարած այցի շրջանակներում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Հայաստանի ղեկավարության միջեւ բանակցությունների ժամանակ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ենթատեքստում տարածքային զիջումներ անելու թեման չի քննարկվել, եւ որ Լավրովը Երեւանում ունեցած հանդիպումների ժամանակ քննարկել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկայիս փուլը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի ենթատեքստում։