News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 05
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը զրուցել է ռուս պատմաբան եւ քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովի հետ:

Պարոն Տարասով, թուրքական օդուժի կողմից ռուսական «Սու-24» օդանավի կործանումը առաջացրեց բուռն աշխարհաքաղաքական զարգացումներ: Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է սա փոխում իրադրությունը տարածաշրջանում եւ ինչպե՞ս կազդի Հայաստանի վրա՝ այն իմաստով, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է:

Իրավիճակն իսկապես փոխվում է, փլուզվում է Ադրբեջանի դաշինքը Թուրքիայի հետ, եւ Թուրքիայի դիրքերը կտրուկ թուլանում են տարածաշրջանում: Առաջինը՝ եթե նախկինում մենք շատ զգույշ էինք մոտենում Հայաստանին, Ղարաբաղին, չէինք ուզում փչացնել հարաբերությունները մյուս երկրների հետ, ինչ-որ ձեւով փորձում էինք հավասարակշռել, հիմա հասկանում ենք, որ Հայաստանը տարածաշրջանում Ռուսաստանի միակ դաշնակիցն է, եւ Հայաստանը՝ ներառյալ Ղարաբաղը, շատ լուրջ աջակցություն է ստանում իր պաշտպանությունը ամրապնդելու համար: Իսկ Ադրբեջանի դիրքերը կտրուկ թուլանում են:

Երկրորդը՝ այսօր շատ են քննարկում այն հարցը, թե Թուրքիան սադրանքների է դիմելու Հայաստանի սահմանին: Պետք է ասեմ, որ Թուրքիան ի վիճակի չէ դա անելու, քանի որ ներկայումս Թուրքիայի ողջ բանակը ՆԱՏՕ-ի հրամանով հսկում է թուրք-սիրիական սահմանը, իսկ Թուրքիայի՝ Հայաստանի հետ սահմանակցող արեւելյան շրջաններում թուրքական բանակի ներկայությունը խիստ թուլացել է՝ քուրդ զինյալների հետ բոլոր մարտերը պարտվելու պատճառով: Տվյալ պարագայում եթե այնտեղ հանկարծ որեւէ սպառնալիք առաջանա, ռուսական ռազմական խմբավորումը Հայաստանում, բնականաբար, կուժեղացվի, եւ ռուսական զորքերը հայկական բանակի հետ կկանգնեն սահմանին: Հայ ժողովուրդը չպետք է անհանգստանա:

Հատկանշական է, որ նախորդ շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն գնաց Բաքու եւ հանդիպեց Ադրբեջանի նախագահի ու արտգործնախարարի հետ, եւ ռուսական մամուլում կարծիքներ հնչեցին, թե Թուրքիան կարող է Ադրբեջանին հրահրել սադրանքների Հայաստանի դեմ: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

Մենք գիտենք, որ դեկտեմբերի 3-ին Բաքու կայցելի նաեւ վարչապետ Դավութօղլուն: Սա կլինի նրա առաջին պաշտոնական այցը Թուրքիայի կառավարության կազմը հաստատելուց հետո: Նրանք կորցնում են Ադրբեջանը: Գիտեք, Չավուշօղլուն Բաքվում Ադրբեջանի արտգործնախարարի հետ զրույցում ասել է, որ իրենք կաջակցեն Ադրբեջանին «օկուպացված տարածքները ազատագրելու հարցում», ինչին ի պատասխան՝ Մամեդյարովն ասել է, թե «մեզ մոտ էլ Լավրովի ծրագրի նախագիծը կա», թեեւ իրականում Լավրովի ծրագիր պարզապես գոյություն չունի: Կրկնում եմ՝ Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգության միջոցները շարունակվելու են ամրապնդվել, որովհետեւ այս իրադարձություններն, ըստ երեւույթին, երկար են շարունակվելու, եւ Ռուսաստանը կշարունակի ամրապնդել իր դիրքերը Անդրկովկասում: Իսկ այստեղ Հայաստանից բացի՝ ուրիշ դաշնակից չկա:

Դուք ասացիք, որ Թուրքիան կորցնում է Ադրբեջանը: Նկատի ունեք, որ Ադրբեջանը Ռուսաստանի եւ Թուրքիայի կոնֆլիկտում կանցնի Ռուսաստանի՞ կողմը:

Այո, նա ուրիշ ելք չունի. նա սեղմված է Ռուսաստանի եւ Իրանի միջեւ: Եթե նրանք այլ կերպ իրենց պահեն՝ թուրքի պես, այնպես, ինչպես իրեն պահեց Էրդողանը, Ադրբեջանին պարզապես կհոշոտեն:

Դիվանագիտական-քաղաքական հարթության վրա ռուսական կողմը սկսել է ակտիվորեն օգտագործել հայկական գործոնը Թուրքիայի դեմ: Այս իմաստով Թուրքիան կարո՞ղ է «ձիով քայլ» անել, օրինակ՝ վերսկսել թուրք-հայկական հաշտեցման գործընթացը:

Տեսեք, թե որն է խնդիրը. Հայաստանը, նախ, անկախ եւ ինքնուրույն պետություն է, երկրորդը՝ ՀԱՊԿ-ի, իսկ երրորդը՝ Եվրասիական միության անդամ է: Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը նաեւ Եվրամիության, Եվրասիական միության եւ ՀԱՊԿ-ի սահմանն է: Հասկանո՞ւմ եք: Այո, թուրքերը կարող են խաղարկել հայկական խաղաքարտը, հայտարարել՝ եկեք հաշտվենք, ստորագրենք, օրինակ, Ցյուրիխյան արձանագրությունները: Հայաստանը կարող է գնալ դրան, բայց կրկին հաշվի առնելով իր դաշնակիցների շահերը: Ես գրեթե 100 տոկոսով համոզված եմ, որ ինչ էլ հիմա թուրքերը առաջարկեն, հայերին դա ձեռնտու չէ, եւ նրանք չեն համաձայնվի:

Ընդհակառակը՝ Հայաստանի համար բացվում են նոր աշխարհաքաղաքական հեռանկարներ, որովհետեւ եթե իրականացվի ամերիկացիների քրդական նախագիծը, Հայաստանն այլեւս կսահմանակցի ոչ թե Թուրքիային, այլ Քրդական պետությանը: Այստեղ միայն Հայաստանի խնդիրը չէ: Կարող է սկսվել Թուրքիայի փլուզման գործընթացը: Թուրքիայի տարածքային ամբողջականության միակ երաշխավորը Պուտինն էր: Նա վստահում էր Էրդողանին, եւ վերջինս համարձակ էր գործում: Այժմ Էրդողանն այդ վստահությունը կորցրել է, եւ եթե Թուրքիան սկսեն պառակտել, Ռուսաստանը ձայն չի հանի: Աշխարհաքաղաքական փոփոխությունները սկսվելու դեպքում կփոխվի Թուրքիայի հետ սահմանային ռեժիմը: Իր ուժը կարող են կորցնել Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը, եւ առաջ կգա Նախիջեւանի խնդիրը: Համենայնդեպս, հիմա շատ փորձագետներ կարծում են, որ Թուրքիան կփորձի օկուպացնել Նախիջեւանը, ոչ թե ճնշում գործադրել Հայաստանի վրա: Խնդիրն այն է, որ Նախիջեւանը սահմանակից է Իրանին, որը Ռուսաստանի դաշնակիցն է եւ թույլ չի տա Թուրքիային այդ քայլն անել: Իսկ Հայաստանի տարածաշրջանային եւ գլոբալ դիրքերը այժմ օբյեկտիվորեն սկսել են ամրապնդվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ բանակցությունները մեկնարկել են. հնարավոր կլինի՞ միմյանց տարածք մուտք գործել առանց ՊՇՌ թեստ հանձնելու
Հայաստանն ու Ռուսաստանը բանակցում են, որպեսզի երկու երկրների քաղաքացիները պատվաստման մասին փաստաթղթի առկայության դեպքում...
ՌԴ դեսպանությունը նոր ռազմական կցորդ ունի. հանդիպում Արտակ Դավթյանի հետ
Արտակ Դավթյանը շնորհավորել է նորանշանակ կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովին...
Արշակ Կարապետյանն ընդունել է ՌԴ դեսպանին. Քննարկել են երկկողմ ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության լայն շրջանակ
Օգոստոսի 3-ին ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության...
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
Ակնկալում եմ, որ Ձեր կողմից ղեկավարվող կառավարության գործունեությունը կնպաստի ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը․․․
Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին. Օրակարգում է եղել նաեւ ռազմագերիների հարցը
Առաջացող իրավական բնույթի ընթացիկ աշխատանքային խնդիրներին լուծումներ գտնելու տեսանկյունից արժևորվել են ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ-ում...
«Փաստ». «Ուզում է տարբեր կենտրոնների հետ առևտրի մեջ մտնել»
Այդպիսով, նրանք փորձել են հասկացնել, թե Ռուսաստանն իր առջև դրված խնդիրները չի կատարում...