News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու կրոնական շոուին Հայ եկեղեցու առաջնորդներին ներգրավելու թուրքական ծրագիրն անցյալ շաբաթ ի դերեւ եղավ:

Հայ եկեղեցու նվիրապետական աթոռների (Էջմիածնում, Անթիլիասում եւ Երուսաղեմում) երեք առաջնորդները չեն մասնակցելու եւ ներկայացուցիչներ չեն ուղարկելու Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին մատուցվող սրբազան Պատարագին: Երեքն էլ մերժեցին Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հրավերը:

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսն առաջինը հայտարարեց, որ բոյկոտելու է սեպտեմբերի 19-ի արարողությունը: Այս առիթով Արամ Վեհափառը հայտարարեց. «Փորձելով Եվրամիությանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ին համոզել, որ Թուրքիան պահպանում է իր բռնազավթած տարածքների մշակութային ժառանգությունը, թուրքական կառավարությունը վերականգնեց Սուրբ Խաչ հայկական եկեղեցին, սակայն որպես եկեղեցի այն պահպանելու փոխարեն վերածեց թանգարանի»: Կիլիկիո Կաթողիկոսությունը Թուրքիայի կողմից շեփորահարվող արարողությունը բնութագրեց որպես «Հայոց ցեղասպանության եւ վերապրողների իրավունքների հետեւողական ուրացման եւ ժխտման քաղաքականության քողարկման փորձ»:

Մյուս կողմից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նախապես հայտարարել էր, որ բարձրաստիճան երկու հոգեւորականներ է գործուղելու Աղթամար: Իմ նախորդ հոդվածներից մեկում հույս էի հայտնել, որ Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը կվերանայի իր որոշումը: Անցյալ շաբաթ, երբ թուրքական կառավարությունը դրժեց Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու իր խոստումը, Գարեգին Վեհափառը, ինչպես եւ սպասվում էր, առկախեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մասնակցությունը սեպտեմբերի 19-ի արարողությանը:

Հայ եկեղեցու նվիրապետական երրորդ աթոռը` Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը, նախապես հայտարարել էր, որ մտադիր է Աղթամար ուղարկել պատրիարքության կրոնական ժողովի ատենապետ եւ Էկումենիկ ու արտաքին կապերի ղեկավար Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանին: Սեպտեմբերի 5-ին պատասխանելով նախատեսված այցելության մասին իմ հարցադրմանը, արքեպիսկոպոս Շիրվանյանն ասաց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի որոշման համաձայն, նա եւս չի մասնակցի արարողությանը` Թուրքիայի կողմից Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչի տեղադրումը մերժելու պատճառով:

Այժմ երեք եկեղեցական առաջնորդներն էլ այս հարցի վերաբերյալ միասնական դիրքորոշում ունեն: Դրվատանքի է արժանի նրանց` թուրքական վարչակարգի կողմից եկեղեցական արարողության քողի տակ իրականացվող քաղաքական շոուին չօժանդակելու որոշումը:

Ցավոք, Հայ եկեղեցու նվիրապետական չորրորդ աթոռը` Պոլսո Հայոց պատրիարքությունը, դեռեւս մտադիր է մասնակցել սեպտեմբերի 19-ի շոուին, չնայած այն հանգամանքին, որ թուրքական կառավարությունը խաբել է պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին, հրաժարվելով եկեղեցու գմբեթի խաչը վերականգնելու խոստումից: Վանի նահանգապետը զավեշտալի հայտարարություն է արել, նշելով, որ թուրքական պետությունը տեխնիկական միջոցներ չուներ 200 կիլոգրամանոց խաչը եկեղեցու գմբեթին տեղադրելու համար: Բոլոր նրանք, որոնք խաբվելով Թուրքիայի կեղծ խոստումներից, ինքնաթիռի տոմսեր են գնել եւ հյուրանոցում սենյակներ պատվիրել, պետք է շտապ չեղյալ հայտարարեն իրենց ուղեւորությունը եւ իրենց թյուրիմացության մեջ գցելու համար փոխհատուցում ու ներողություն պահանջեն թուրքական իշխանություններից:

Չնայած արքեպիսկոպոս Աթեշյանը պատանդ է թուրքական վարչակարգի ձեռքում եւ, հետեւաբար զրկված է անկախ որոշումներ կայացնելու իրավունքից, այնուամենայնիվ, եթե նա գնա ու պատարագ մատուցի` թուրքական իշխանությունների կողմից ներկայացվող «Ակդամարի հուշարձան թանգարանում», ապա լիովին կկորցնի աշխարհասփյուռ հայության եւ Հայ եկեղեցու նվիրապետական երեք աթոռների վստահելիությունը: Արքեպիսկոպոս Աթեշյանը պետք է պայման դնի, որ սեպտեմբերի 19-ին ներկա չի լինելու Սուրբ խաչ եկեղեցում, մինչեւ Անկարան խոստացված խաչը չտեղադրի եկեղեցու գմբեթին: Թուրքական իշխանությունները ստիպված են լրջորեն հաշվի առնել նրա պայմանը, քանի որ առանց նրա մասնակցության հնարավոր չէ եկեղեցական արարողություն կատարել: Նրա բացակայությունը հօդս կցնդեցնի Թուրքիայի քարոզչության ակնկալիքները` դրանք վերածելով PR մղձավանջի:

Սեպտեմբերի 19-ի «շռայլ բեմադրության» վերջին կարեւոր դերակատարը Հայաստանի Հանրապետության կառավարությունն է: Վերջին շաբաթներին, երբ Հայաստանի հասարակության մի ստվար հատված խստորեն քննադատում էր Սուրբ Խաչ «թանգարանում» տարվա մեջ մեկ անգամ եկեղեցական արարողություն իրականացնելու Անկարայի որոշումը, պաշտոնական Երեւանը լուռ էր մնում: Անցյալ ամիս Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ Թուրքիայի կողմից պաշտոնական հրավեր չի ստացել: Ընդհանրապես ենթադրվում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է հրաժարվեն նման սկանդալային շոուին մասնակցելուց, հատկապես այն բանից հետո, երբ Անկարան խաբեությամբ Հայաստանի իշխանություններին համոզեց ստորագրել հայ-թուրքական արձանագրությունները` առանց դրանք վավերացնելու որեւէ մտադրության:

Ինչպես Արձանագրությունների վավերացումից հրաժարվելով թուրքական կառավարությունն ակամա պաշտպանեց Հայաստանի շահերը, այնպես էլ այս անգամ, դրժելով Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու իր խոստումը, Անկարան պատճառ  դարձավ, որ հայերը չմասնակցեն այս խեղկատակությանը:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր

Թարգմ.՝ Ռ.Ավագյանի

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ինչպե՞ս և ինչո՞ւ հանկարծ տեղի ունեցավ տրամադրությունների «փոփոխություն»
Չմոռանանք, որ մինչ վերջերս նախապայմանների ու պայմանների պակաս չկար՝ սկսած Ադրբեջանի հետ...
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ