News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կոչը՝ ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերով ձեւավորել լայն կոալիցիա եւ միասնաբար մասնակցել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, ինչպես եւ կարելի էր սպասել, ըստ էության, մնաց անարձագանք: Բագրատյանի հայտարարությունից հետո, ինչպես լինում է սովորաբար, սկսեցին խոսել դաշինքների ու կոալիցիաների՝ արհեստական լինելու, ինչպես նաեւ՝ այն մասին, որ Հայաստանում նախընտրական միավորներն արդյունավետ չեն գործում: Մի խոսքով, գրեթե բոլորը՝ քաղաքավարության համապատասխան չափաբաժնով, մերժեցին Հրանտ Բագրատյանի առաջարկը:

Ընդդիմադիր ուժերի հիմնական մասը պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել միայնակ: Դրանում, իհարկե, որեւէ արտասովոր բան չկա, նորմալ է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ցանկանում է սեփական դեմքով հանդես գալ ընտրություններում եւ հաղթելու դեպքում՝ խորհրդարանում ներկայացված լինել սեփական անդամներով: Սակայն Հայաստանի անցած շուրջ քսան տարիների փորձը, որին հղում են անում դաշինքներին դեմ հանդես եկողները, բացի նախընտրական կոալիցիաների անարդյունավետությունից, ցույց է տվել նաեւ, թե ինչպես է փոշիանում ընդդիմադիր ընտրազանգվածը, երբ ընդդիմադիրներն ընտրություններին մասնակցում են առանձին-առանձին:

Ընդ որում, շատ հաճախ առանձին-առանձին մասնակցելով՝ պայքարում են ոչ այնքան՝ իշխանության, որքան միմյանց դեմ՝ մեծագույն ծառայություն մատուցելով տվյալ պահի իշխանությանը: Նախընտրական դաշիքներին դեմ հանդես եկողների փաստարկները՝ դրանց արհեստական լինելու մասին, իհարկե, հիմնազուրկ չեն: Բայց գրեթե նույնքան արհեստական է՝ հղում անելով դաշինքների արհեստականությանը, ամեն գնով ընտրություններին առանձին մասնակցելը: Որովհետեւ, կրկնում ենք, որքան շատ են ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերը, այնքան ավելի մեծ է ընդդիմադիր ընտրազանգվածի մասնատման, տրոհման հնարավորությունը: Հրանտ Բագրատյանին կարելի է մեղադրել ամեն ինչում, բացի գաղափարական մարդ չլինելուց:

Ով՝ ով, բայց Բագրատյանը շատ լավ է հասկանում քաղաքական գործընթացներում գաղափարների, դրանց հիման վրա դաշինքների ձեւավորման կարեւորությունը: Բայց բոլոր գաղափարները, արժեքներն ու սկզբունքներն ի վերջո դառնում են վիրտուալ, երբ դրանք նույն հարթության մեջ են հայտնվում այն «գաղափարի» հետ, որ իշխանությունն ամեն գնով կեղծելու է ընտրությունները՝ անվանապես՝ որակյալ, բովանդակությամբ՝ անորակ մեծամասնություն ապահովելու համար: Եվ ընտրություններին միասնաբար մասնակցելը կարող է դառնալ իշխանական այդ արատավոր մեքենայի դեմ պայքարելու շատ քիչ թվով միջոցներից մեկը: Անգամ, եթե ընդդիմադիր ուժերը դավանում են այլ գաղափարախոսության եւ ունեն ծրագրային, ռազմավարական ու մարտավարական տարաձայնություններ:

Բայց ինչպես տեսնում ենք, մեր ընդդիմությունը շատ «սկզբունքային» է եւ չի ցանկանում զիջել ինչ-որ մաս (նախընտրական դաշինքը նշանակում է սեփական կուսակցության անդամների՝ ավելի քիչ թվով ներկայացվածություն նախընտրական ցուցակում)՝ ընդհանուրի հաղթանակի համար: Քանի որ մեր ընդդիմադիրների մեծամասնության համար միայնակ պարտությունն ավելի գերադասելի է, քան ընդհանուր հաղթանակը:

Ի դեպ, այդ առումով իշխանությունը՝ բոլոր թերություններով հանդերձ, տարբերվում է ընդդիմադիրներից: Իշխանությունը պատրաստ է նույն Դաշնակցությանը զիջել իշխանության ինչ-որ մաս (թեկուզ փոքր)՝ 2017 թվականին ավելի սահուն վերարտադրվելու համար: Իշխանությունը պատրաստ է զիջել իր ունեցած իշխանությունից, մինչդեռ ընդդիմադիրները պատրաստ չեն զիջել իրենց չունեցած՝ ապագայում ունենալիք իշխանությունից՝ մանդատների թվից:

Դրա համար էլ այս օրերին իշխանությունը նախընտրական կոալիցիա է կազմում, իսկ ընդդիմադիրներն օրեր շարունակ բանակցում են… Ազատության հրապարակում հանրահավաքը միասնաբար կամ առանձին անելու հարցի շուրջ: Դժվար չէ կանխատեսել, որ այդ վեճը շարունակվելու է առնվազն մեկ տարի: Մինչեւ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը:

Վստահաբար, բավական մեծ թվով ընդդիմադիրներ են ցանկանալու այդ օրը հանրահավաք հրավիրել եւ մեղադրել իշխանությանը՝ հերթական անգամ ընտրությունները կեղծելու մեջ: Նրանք այսօրվանից արդեն պայքարում են, որպեսզի այդ օրն Ազատության հրապարակում հատկապես իրենք կանգնած լինեն հարթակում: Սկզբունքայնության ու գաղափարականության ավելի բացառիկ դրսեւորում դժվար է անգամ պատկերացնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Իրականում Նիկոլը վախենում է «բերետավորներից»
Եվ ահա, աղբյուրը նաեւ հայտնում է, որ բացի գազանություններ սովորեցնելուց, ամերիկացիները նաեւ ակտիվորեն...
«Իրավունք». Պատրաստ եմ դատարանում իմ ցանկացած ասածի համար պատասխան տալ
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը պահանջում է դատարանից Անդրեասյանին պարտավորեցնել ներողություն խնդրել...
«Հրապարակ». Սյունիքում «չիստկաները» կշարունակվեն
Խնդիրը ոչ թե այն է, որ համեստ ապրող Բաբայանը սկսել է շատ բարեկեցիկ ապրել, այլ այն, որ ՔՊ-ն արդեն սկսել է...
«Ժողովուրդ». Դատախազությունն ամեն գնով ցանկանում է կալանքի տանել երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդուն
Քննչական կոմիտեն տեսանյութ էր հրապարակել, որում մի տղամարդ դժգոհում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
«Հրապարակ». Պետական ապարատում «վհուկների որս» է սկսվել
Բայց աշխատողներն արժանի հակահարված են տվել, թե` պետական ապարատը ձեր սեփականությունը չէ, ցույցերին...
«Ժողովուրդ». Ավինյանն ասել է՝ կա՛մ- կա՛մ. ԿԿՀ-ն վարույթ է հարուցել ավագանու անդամ Սամվել Հակոբյանի նկատմամբ, ապա կարճել
Սամվել Հակոբյանի կողմից անհամատեղելիության պահանջները առերեւույթ խախտելու վերաբերյալ վարույթը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ