News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Նաիրիտում» աշխատավարձերի պարտքերի խնդիրը սովորական երեւույթ է։ Հավանաբար՝ Խաչիկ Ստամբոլցյանի հասցրած նոկաուտից գործարանը դեռ ուշքի չի գալիս։ Ընկերությունը պարբերաբար կանգ է առնում, աշխատակիցներն անցնում են հարկադիր պարապուրդի, բայց օրենսդրության համաձայն՝ հարկադիր պարապուրդի ընթացքում պետք է ստանան աշխատավարձի 60 տոկոսը։ Բայց նույնիսկ այն դեպքերում, երբ «Նաիրիտը» աշխատում է՝ միեւնույն է, կուտակում է պարտքեր։

2010-ի մարտից «Նաիրիտը» կանգ է առել։ NEWS.am-ը փորձեց ընկերությունից որոշ պարզաբանումներ ստանալ աշխատավարձերի պարտքի կառուցվածքի, ինչպես նաեւ ընկերության ծրագրերի վերաբերյալ, բայց մեր նամակը մնաց անպատասխան։ Դրա փոխարեն էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասաց, որ իր անձնական միջամտության շնորհիվ 1 ամսվա աշխատավարձը վճարվել է, հաջորդ ամսվանը շուտով կտրվի։ Ընկերության աշխատակիցներն ասում են, որ հուլիսի աշխատավարձը չեն ստացել։

«Նրանք աշխատավարձից հրաժարվել չեն կարող, պայմանավորվածություն ունենք, որ ոչ ոք չպետք է կրճատվի»,- սա նախարարի խոսքերն են։ Նա նաեւ փորձեց արդարացնել ձեռնարկության տնօրինության անգործությունը, ասելով, որ քիմիական արդյունաբերությունը ամբողջ աշխարհում էլ ճգնաժամի մեջ է։ Սակայն «Նաիրիտի» պարագայում այդ բացատրությունը այնքան էլ տեղին չէ։ Երբ հուլիսին Երեւանում տեղի էր ունենում հայ-լեհական տնտեսական համաժողովը՝ լեհական «Կուլցզին Ինվեստմենթ» ընկերության տնօրեն Միլան Սուբոտիչը NEWS.am-ին ասաց, որ շահագրգռված են կաուչուկի մատակարարումներով, բայց ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ, թե գործարանն ինչ-որ բան առաջարկելու է՞, թե` ոչ։ Գործնականում՝ «Նաիրիտն» իրացման խնդիրներ չունի, ընդամենը հարկավոր է արտադրությունը կարգավորել։ Բայց հենց դա է, որ գործարանի տնօրինությունը անել չի կարողանում, իսկ տնօրեն Վահան Մելքոնյանը լրատվամիջոցներին այնպիսի պատճառաբանություններ է թվում, որից հետեւում է, որ գործարանի հետագա աշխատանքի վրա հույս դնել չի կարելի։ Օրինակ՝ նա ասում  է, որ էներգակիրների գները թանկացել են եւ քլորոպրենային կաուչուկի ինքնարժեքում այդ ծախսերի տեսակարար կշիռը 53 տոկոսից հասել է մինչեւ 78 տոկոսի։ Բայց չէ՞ որ էներգակիրները դեռ շարունակելու են թանկանալ՝ սպասվում է գազի թանկացում։

Բանը հասել է նրան, որ իշխանական պատգամավորներն արդեն իսկ դժգոհում են «Նաիրիտի» սեփականատերերից, հայտարարություններ են հնչում սեփականատիրոջ փոփոխության անհրաժեշտության մասին։ Նշենք, որ  «Նաիրիտի» բաժնետոմսերի 10 տոկոսը պատկանում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը, 90 տոկոսը` Մեծ Բրիտանիայում գրանցված Rhinoville Property Limited ընկերությանը, որի հիմնադիրներն են լեհական Samex-ը, ամերիկյան Intertex-ը եւ ռուսական Еврогаз-ը։

Իրավիճակի աբսուրդն այն է, որ «Նաիրիտի» հոսքագծերից մեկն այս տարի տեղափոխվեց Չինաստան եւ այնտեղ առանց «նազուտուզի» քլրոպրենային կաուչուկ է արտադրում (հզորությունը՝ տարեկան 10 հազ. տոննա)։ Եւս մի հանգամանք, որ կասկածի տակ է դնում գործարանի մենեջմենթի որակը։ Ի վերջո՝ եթե Չինաստանում կարելի է նույն հոսքագծով կաուչուկ արտադրել, ինչու չի կարելի անել Հայաստանում, որտեղ էներգակիրները բնավ էլ ավելի թանկ չեն, քան Չինաստանում։

Ռուսական մամուլում արդեն հրապարակումներ կան այն մասին, որ «Նաիրիտի» սեփականատերերը բնավ էլ գործարանը վերակառուցելու եւ աշխատեցնելու մտադրություն չունեն, եւ այս տարիների ընթացքում մխրճվել են ֆինանսական չարաշահումների մեջ։ Խոսք է գնում, մասնավորապես, ԱՊՀ Միջպետական բանկից ստացված վարկերի փոշիացման եւ անարդյունավետ ծախսման մասին։ Երբ Rhinoville Property Limited-ը ձեռք բերեց «Նաիրիտը», մեզ բոլորիս խոստացան մինչեւ 2011 թ. 120 մլն դոլարի ներդրումներ՝ կաուչուկի ստացման ացետիլենային եղանակից բուտադիլենայինին անցնելու համար։ Բայց հետո պարզվեց, որ ներդրումները պետք է իրականացվեն ԱՊՀ միջպետական բանկի վարկերով, որը մինչ այդ արդեն իսկ 70 մլն դոլար հատկացրել էր գործարանի առուվաճառքի գործարքը կայացնելու համար։ Հետագա վարկերը պարզապես ծախսվեցին նախորդ վարկի մարման նպատակով։

Մինչ այժմ, ցավոք, Հայաստանի իրավապահ մարմինները լրջորեն չեն անդրադարձել «Նաիրիտի» ֆինանսական գործունեությանը, թեեւ ակնհայտ է դառնում, որ տեղի են ունեցել լուրջ չարաշահումներ։ Եւ քանի դեռ ֆինանսական այդ կծիկը չի բացվել, հազիվ թե կարելի է հուսալ, որ այս գործարանում ինչ-որ բան կփոխվի։

Սամվել Ավագյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ