News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Lragir.am-ի եւ 1in.am-ի լրագրող Սիրանույշ Պապյանը դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին:

Լրագրողը հանձնաժողով ներկայացրած դիմումում նշում է, մասնավորապես, որ «ոստիկականապետը ակնհայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել, անպարկեշ եւ արհամարհական է հանդես եկել լրագրողների հասցեին՝ խախտելով «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված դրույթները»:

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Սիրանույշ Պապյանն ասել է, որ մյուս քայլը կլինի դատարան դիմելը. «Այս գործընթացը դեռևս ընթացքի մեջ է»:

«Լրագրողական փորձը ցույց է տվել, որ շատ անգամ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը նման գործերն անտեսում է ու հենց դա է պատճառը, որ զուգահեռ գնում է դատարան դիմելու գործընթացը: Եթե տեղի դատարաններով որևէ հարց չլուծվի, ապա գործը կհասնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Իմ պահանջները չեն փոխվել ՝ ոստիկանապետը պետք է ներողություն խնդրի:  Ինձ վիրավորել են հրապարակավ և պետք է հրապարակավ էլ ներողություն խնդրեն»,- ընդգծել է Սիրանույշ Պապյանը:

Հիշեցնենք, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներին ասել է, մասնավորապես, թե նրանք «դեղնում, գունաթափվում» են, իսկ Սիրանույշ Պապյանի դիտարկմանն էլ, թե ոստիկանությունը պարբերաբար խոսում է բարեփոխումների մասին, սակայն հասարակությունը դրանք չի տեսնում, հակադերձել էր, թե լրագրողի մեջ «կին չի տեսնում»։

Այս առնչությամբ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ներողություն է խնդրել լրագրող Սիրանույշ Պապյանից. «Անկախ կոնկրետ միջադեպից, բոլորս՝ եւ լրագրողները, եւ ոստիկանությունը, եւ քաղաքական գործիչները, եւ մեր քաղաքացիները պետք է ձգտենք պահպանել կոռեկտություն: Սա է իմ կարծիքը: Հիմա ես չեմ ուզում կոնկրետ գնահատական հնչեցնել: Եթե լրագրող Սիրանույշ Պապյանը վիրավորվել է, ես որպես իշխանություն Սիրանույշից ներողություն եմ խնդրում»,- ասել է Շարմազանովը: ՀՀ ոստիկանապետի արարքն անընդունելի են համարել նաեւ մի շարք պատգամավորներ, այդ թվում Նաիրա Զահրաբյանը, Զարուհի Փոստանջյանը, Սամվել Ֆարմանյանը եւ այլք:

Լրագրողական կազմակերպությունները նույնպես հայտարարություն են տարածել՝ պահանջելով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից հրապարակային ներողություն խնդրել լրագրող Սիրանույշ Պապյանից եւ այսուհետ թույլ չտալ վիրավորական արտահայտություններ լրագրողների հասցեին:

Տպել
Ամենաշատ