News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ներողություն է խնդրել լրագրող Սիրանույշ Պապյանից՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի արարքի համար:

«Անկախ կոնկրետ միջադեպից, բոլորս՝ եւ լրագրողները, եւ ոստիկանությունը, եւ քաղաքական գործիչները, եւ մեր քաղաքացիները պետք է ձգտենք պահպանել կոռեկտություն: Սա է իմ կարծիքը: Հիմա ես չեմ ուզում կոնկրետ գնահատական հնչեցնել: Եթե լրագրող Սիրանույշ Պապյանը վիրավորվել է, ես որպես իշխանություն Սիրանույշից ներողություն եմ խնդրում»,-ասել է Շարմազանովը:

Նշենք, որ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետը մասնավորապես նշել էր. «Եթե իսկական լրագրողներ են, ոչ թե բեյջերը բաժանված տղաներ եւ աղջիկներ, որոնք ամեն ընտրություններին եւ այսպիսի միջոցառումներին բեյջերով գալիս են: Սա լսողության, տեսողության եւ հասկանալու խնդիր է, ոստիկանությունը փոխվել է եւ շատ է փոխվել, ուղղակի կան մարդիկ, որոնք ուզում են տեսնել, մարդիկ էլ կան, ժխտողական են տրամադրված: Բարեփոխվեք սիրելիներս, դուք շատ հին եք մնացել, բարեփոխվեք, դուք դեղնում եք, գունաթափվում եք»: Իսկ լրագրողի դիտարկմանը, թե բարեփոխումների մասին հայտարարությունները խոսքից այն կողմ չեն անցնում, Վլադիմիր Գասպարյանը պտտվել ու ասել էր. «Ես քո մեջ, կներես, կին չեմ տեսնում»:

Այս առնչությամբ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասուլիսում ասել է. «Նրա տարօրինակ խոսքը, թե լրագրողներից շատերը գունաթափվել են, կամ լրագրողին ասում է «քո մեջ կին չեմ տեսնում»: Ինչո՞ւ պետք է դու կին տեսնես, լրագրողն իր գործն է անում, դու էլ փոխանակ քո գործն անես, տարօրինակ, ոչ ադեկվատ արտահայտություններ ես անում: Շատ նողկալի տպավորություն թողեց այդ ամենը»:

Տպել
Ամենաշատ