Ռուսաստանի համար կարեւոր են եւ Ադրբեջանը, եւ Հայաստանը, բայց Ղարաբաղի խնդիրը պետք է «լուծեն իրենք` Ադրբեջանը եւ Հայաստանը», Մոսկվան «կարող է միայն միջնորդ լինել»: Այդ մասին հայտնել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք իրար չենք հակադրում այդ երկրները: Ընկերություն չենք անում Ադրբեջանի հետ Հայաստանի դեմ եւ հակառակը: Դա վերաբերում է Ռուսաստանում երկու երկրի սփյուռքերին: Չենք ուզում, որ Ռուսաստանն այնպիսի տեղ դառնա, որտեղ հայերը եւ ադրբեջանցիները պարզում են ինչ-որ վիրավորանքներ: Մեր ամբողջ պետական քաղաքականությունը դրան է ուղղված: Իսկ երբ ասում են, թե Ռուսաստանն ադրբեջանցիներին ավելի վատ է վերաբերվում, քան հայերին, դրանք հույզեր են: Հույս ունեմ, որ դրանք այնուամենայնիվ կանցնեն», — Դորոխինին է մեջբերում դեսպանատան մամուլի ծառայությունը:
Նա նաեւ նշել է, որ Ղարաբաղում հակամարտությունը պետք է լուծեն իրենք` Ադրբեջանը եւ Հայաստանը:
«Հակամարտությունը պետք է լուծեն իրենք` Ադրբեջանը եւ Հայաստանը: Նրանք, ովքեր ասում են, թե Ռուսաստանըտ մենակ 15 րոպեում կամ 20 րոպեում կարող է լուծել այս հակամարտությունը, սխալվում են: Մեկ կողմի վրա ոչ մի ճնշմամբ եւ ուժ գործադրելով անհրաժեշտ արդյունքի չենք հասնի: Հիմքում պետք է ընկած լինի վստահությունը, իսկ դա կարող են ստեղծել միայն ձեր երկրները», — հայտնել է Դորոխինը:
Դեսպանի խոսքով, ապրիլին սկսված իրադարձությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին, թե որքան վտանգավոր է ստեղծված իրավիճակը. «Եվս մեկ անգամ լիովին ակնհայտ դարձավ, որ խելամիտ լուծումը միայն խաղաղն է: Հակամարտության կողմերը եւ միջազգային հանրությունը պետք է դրանից ճիշտ եզրահանգումներ անեն: Ռուսաստանը եւս եզրահանգումներ կանի եւ միջնորդային ջանքեր կգործադրի»: