Բելգիայի իրավապահ մարմինները շաբաթ գիշեր մոտ տասը մարդ են ձերբակալել թագավորության տարածքում ահաբեկչական գործողությունների նախապատրաստման կասկածով, շաբաթ լրագրողներին հայտնել է դաշնային դատախազության ներկայացուցիչը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքով, ձերբակալությունները կատարվել են լայնածավալ հակաահաբեկչական գործողության շրջանակում իրականացված խուզարկությունների ընթացքում, որոնք անցկացվել են Բելգիայի տարածքում տարբեր վայրերում, նախ եւ առաջ` Բրյուսելում:
Derniere Heure թերթը երեքշաբթի հայտնել է, որ բելգիական հակաահաբեկչական ծառայությունները իրավապահ մարմիններին զգուշացում են ուղարկել Բելգիայում եւ Ֆրանսիայում ԻՊ-ի գրոհայինների կողմից ահաբեկչական գործողությունների անխուսափելի սպառնալիքի մասին:
Պարբերականի տվյալներով, «գրոհաինները գուցե մեկ ու կես շաբաթ առաջ դուրս են եկել Սիրիայից, որպեսզի Թուրքիայով եւ Հունաստանով Եվրոպա հասնեն` նավով եւ առանց անձնագրի»: «Այդ մարդիկ հավանաբար երկու խմբի են բաժանվել, մեկը` Բելգիայում, մյուսը` Ֆրանսիայում, որպեսզի երկուական խմբերով ահաբեկչական գործողություններ կատարեն: Ստացված հետախուզական տվյալների համաձայն, այդ մարդիկ արդեն ձեռք են բերել անհրաժեշտ զենքը եւ նրանց գործողություններն անխուսափելի կլինեն», — տարածված զգուշացումից մեջբերում է արել թերթը:
Պարբերականի տվյալներով, դրանում ասված է, որ ԻՊ-ի գրոհայինների թիրախը կարող է դառնալ որեւէ խոշոր առեւտրի կենտրոն, արագ սննդի ռեստորան կամ ոստիկանական բաժանմունք:
Բելգիայի ներքին գործերի նախարար Յան Յամբոնն իր հերթին հայտնել է, որ տեղեկություններ չունի ԻՊ-ի գրոհայինների կողմից Բելգիայում եւ Ֆրանսիայում նոր ահաբեկչությունների նախապատրաստման մասին, դրանով հերքելով բելգիական մի շարք ԶԼՄ-ների հաղորդագրությունները: