Մենք չգիտենք, թե ով է սկսել զինված բախումը այս տարվա ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում:
«Որքան էլ մենք ցանկանանք իմանալ, թե հատկապես ինչպես է ամեն ինչ սկսվել, դա հնարավոր չէ: Մենք չունենք ներկայացուցիչներ շփման գծում ու հայ- ադրբեջանական սահմանին, որոնք կարող էին նման գնահատական տալ: Այս հարցում որոշ չափով կարող է օգնել մեր կողմից քննարկվող միջոցառումներից մեկը՝ հետաքննության մեխանիզմների ներդրումը, սակայն շատ բարդ է պարզել, թե ինչպես է իրականում ամեն ինչ կատարվել»,- նշել է Ուորլիքը:
Նրա խոսքով, հավաստի հայտնի են միայն բախումների հետեւանքները ու հարյուրավոր զոհերի առկայությունը՝ այդ թվում խաղաղ բնակչության շրջանում: Հենց դրա համար էլ հրադադարի պահպանումը առաջնայնություն է, քանի որ հակառակ դեպքում լայնածավալ համակարտության հավանականությունը չափից մեծ է, հավելել է դիվանագետը: