News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Հայաստանն արժեւորում է Տաջիկստանի հավասարակշռված դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման կապակցությամբ եւ Մինսկի խմբի ջանքերի սատարումը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին, Երեւանում Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Ասլովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«2015-ի սեպտեմբերի 14-ին Հայաստանի եւ Տաջիկստանի նախագահների հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել գործնական քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերություններին նոր դինամիկա եւ բովանդակություն հաղորդելու շուրջ: Դրանով է պայմանավորված Տաջիկստանի ԱԳ նախարարի առաջին պաշտոնական այցը Հայաստան, Տաջիկստանի առաջին դեսպանի հավատարմագրումը ՀՀ-ում»,- ասել է Նալբանդյանը:

Նրա խոսքով, նախարար Ասլովի հետ հանգամանալից քննարկվել են աշնանը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի Հայաստան կատարելիք այցի նախապատրաստության աշխատանքները, հայ-տաջիկական հարաբերությունների վերաբերող բազմակողմանի հարցեր:

«Կարեւոր էր այսօր երկու երկրների ԱԳՆ-ների միջեւ ստորագրված 2016-2018 թթ խորհրդատվությունների անցկացման ծրագիրը: 2004թ.-ից գործում է հայ-տաջիկական միջկառավարական հանձնաժողովը, որի գործունեության ակտիվացման հարցերն եւս մեր հանդիպման օրակարգում էին: Ակնկալում ենք մոտ ապագայում անցկացնել հանձնաժողովի հերթական նիստը: Մտքեր փոխանակեցինք երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական փոխգործակցության խթանման ուղիների շուրջ: Շեշտեցինք համագործակցության խորհրդարանական ձեւաչափի կարեւորությունը»,- հավելել է նախարարը:

«Մեր օրենսդիր մարմինների ներկայացուցիչներն ակտիվորեն համագործակցում են հատկապես ՀԱՊԿ ԽՎ շրջանակներում: 2 օրից Երեւանում կայանալու է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը: Այս առթիվ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր տաջիկ գործընկերներին է ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին աջակցելու համար»,-ընդգծել է Նալբանդյանը:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Ասլովին ներկայացվել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերսկսման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված Հայաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ջանքերը, Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած պայմանավորվածությունների կատարման նպատակով ձեռնարկվող քայլերը:

«Մենք արժեւորում ենք Տաջիկստանի հավասարակշռված դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման կապակցությամբ եւ Մինսկի խմբի ջանքերի սատարումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ