News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը տնտեսագիտության դոկտոր Կարեն Ադոնցի հետ զրուցել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակի եւ հեռանկարների, ԵՏՄ-ին երկրի անդամակցության, եվրոպական գործընկերների հետ համագործակցությունը զարգացնելու եւ թեմաների մասին:

Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի տնտեսության ընդհանուր վիճակը:

Երբ տնտեսությունը չի կառավարվում, չունի հեռանկարներ, շուկաներ, տեխնոլոգիաներ: Ընդհանրապես վարկային վարչարարությունն ու կառավարման ռազմավարությունը մեզ մոտ պարզապես բացակայում են։ Ինչո՞վ է զբաղված էկոնոմիկայի նախարարությունը, ո՞ւր է մեր ռազմավարությունը, ի՞նչ է լինելու մեկ տարի, հինգ տարի, տասը տարի հետո. այսինքն՝ Հայաստանն ինքն է մեղավոր, որ տնտեսությունն այս վիճակում է հայտնվել:

Որո՞նք են մեր տնտեսության համար հիմնական վտանգները:

Հաշվի առնելով, որ Հայաստանի տնտեսությունը մինչեւ հատակ է իջել, հիմնված է ավանդական ոլորտների վրա՝ վերամշակող, հումքային, տրանսֆերներ։ Այս պահանջարկային դաշտի հենքի վրա մենք ունենք շատ ցածր ծավալներով, տեխնոլոգիապես հետամնաց, շուկաներից կտրված տնտեսություն, որը, իհարկե, չի փլուզվի: Մոտ 10-10.5%-անոց ՀՆԱ ունեցող տնտեսությունը հնարավոր է պահպանել նույնիսկ փոքր վարկերով, որպեսզի այս վիճակում գոնե 1-2%-ի դինամիկա լինի: Հաշվի առնելով արտաքին շուկաների վիճակը, այսօրվա ռազմավարությունը, ներդրումային դաշտը, փաստորեն՝ Հայաստանում ներդրումներ կատարելն իրատեսական չէ: Մեր երկրում որեւէ ներդրում կատարելն ավելի ծախսատար է, քան Վրաստանում: Ներդրումային հնարավորություններով մենք շուրջ 40%-ով զիջում ենք մեր հարեւան երկրին: Վտանգներ միանշանակ կան, եւ մենք պետք է քայլեր ձեռնարկենք ու հասկանանք, թե ուր ենք շարժվելու։ Քաղաքական գործընթացները մեզ որեւէ բան չեն խոստանում. Կալաշնիկովով, ցույցերով եւ երթերով տնտեսություն չես ստեղծի, խնդիրներ չես հաղթահարի, այլ շատ ավելի խնդիրներ կստեղծես։ Չեմ ասում, որ չպետք է պայքարել, բայց պետք է հասկանալ, որ այսօր մեր վիճակը շատ ավելի ծանր է, որպեսզի կարողանանք նման քայլերով, առճակատմամբ որեւէ հարց լուծել։

Իսկ խնդիրները լուծելու ի՞նչ տարբերակներ եք տեսնում:

Կարծում եմ՝ այսօր բարեփոխումներով կառավարման համակարգն անում է այն, ինչ կարող է անել, իշխանություններն այսօր ավելին անել, կարծում եմ, չեն կարող, հնարավորություն չունեն։ Այսօր Հայաստանի իշխանության ձեռքում միայն հարկային գործիքներ են՝ հարկային եւ մաքսային վարչարարությունը, այլ գործիքներ՝ հարկային արտոնություններ, չկան։ Ինչ վերաբերվում է վարկերին. ներդրումները խթանելու համար մենք բարձր տոկոսադրույքներ ունենք։ Ի՞նչ պետք է անի կառավարությունը, երբ բանկային համակարգը համապատասխանեցրել է օլիգարխիկ համակարգի հետ։ Նա հիմնականում աշխատում է օլիգարխիկ համակարգի, բարձր շահութաբերություն ունեցող ձեռնարկությունների հետ, որպեսզի կարողանա բարձր տոկոսադրույքներով միջոցներ ներդնել։ Այսինքն՝ իշխանությունը, նույնիսկ ցանկության դեպքում, չի կարող բարեփոխումներ իրականացնել:

Իսկ խնդիրը կարող է լուծել հայ հանրությունը, հասարակությունը՝ համախմբելով իր ուժերը թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, հենվելով գոյություն ունեցող առկա սպառողական, ներդրումային հնարավորությունների վրա, համախմբելով շուկաները եւ դրանք կապելով Հայաստանի տնտեսության, նոր զարգացող ոլորտների հետ։

Աշխարհում մեկ շնչի ՀՆԱ-ով յոթ լիգա գոյություն ունի, եւ մենք գտնվում ենք վերջին՝ 7-րդ լիգայում։ Մեր ՀՆԱ-ով, մեր մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն՝ շուրջ 3.3-3.5 հազար դոլար է, ամենավերջին կետում ենք։ Պետք է մտածել գոնե 5-րդ լիգա բարձրանալու մասին։ Այս վիճակում քննարկել, թե մենք ունենք մեկ տոկոս կամ ավելի տնտեսական աճ, անիմաստ է եւ անհետաքրքիր։

Մենք ունենք հնարավորություն. ունենք սփյուռք, որը տնտեսական ներուժ ունի, շուկաներ, որոնք վերահսկում է, պետք է փորձենք դրանք կապել Հայաստանի հետ: Իսկ հեռանկարի մասին... չգիտեմ՝ ինչ հեռանկարի մասին են խոսում մյուս տնտեսագետները, բայց ես կարծում եմ, որ մենք չենք կարող զարգանալ այն տեմպերով, որ տասը տարվա ընթացքում եռապատկենք մեր տնտեսության ցուցանիշները։ Եռապատկել՝ նշանակում է եռապատկել էներգետիկ համակարգը, առեւտուրը, արտադրությունը, սպասարկման ոլորտը։ Մենք հումքային բազա չունենք, որ եռապատկենք հումքային ռեսուրսները՝ պղինձը, մոլիբդենը: Չենք կարող տասը տարվա ընթացքում արդյունահանել այդ ռեսուրսները։ Այսօր չենք կարող շատ առաջ գնալ, բայց նման նպատակ դնել պարտադիր է։ Եթե դա չանենք, անիմաստ է խոսել այլ հարցերի մասին՝ հողեր, անվտանգություն եւ այլն։

Ինչ եք կարծում, Հայաստանը որտե՞ղ պետք է այլըտրանքային դաշնակիցներ փնտրի:

Իմ կարծիքով, Հայաստանը չպետք է ավելորդ եվրոպամետ կեցվածք ընդուներ, հայտարարեր, թե միանում է Եվրոպական ասոցացման ծրագրին։ Եթե դա չաներ, չէր ծագի նաեւ ԵՏՄ-ի հարցը: Հայաստանը դեռեւս պետք է զբաղվեր իր խնդիրներով, համախմբեր սփյուռքը, իր ներուժն ամրապնդեր: Դրանից հետո միայն պարզ կդառնար, թե որ ուղղությամբ է շարժվելու։ ԵՏՄ-ին անդամակցությունը հիմա էլ չի խանգարի, եթե սկսենք ուժեղանալ։ Ըստ էության, ԵՏՄ-ում մեզ նորմալ չեն ճանաչում. փոքր տնտեսություն ենք, որեւէ հեղինակություն չենք վայելում, չենք կարող քաղաքական հեղինակություն վայելել, որովհետեւ տնտեսություն չունենք։ Ռուսաստանից բացի՝ ոչ ոքի Հայաստանի տնտեսությունը հետաքրքիր չէ: Բայց հետաքրքիր չենք նաեւ Ռուսաստանի համար. մենք Ռուսաստան շուրջ 350 մլն դոլարի ապրանք ենք արտահանում: Դա խայտառակություն է, այդ երկիրը մեր միակ խոշոր գործընկերն է, այն էլ՝ խմիչքների, վերամշակվող արտադրանքի մասով, այսինքն՝ ոչ մի լուրջ բան։ Եվ ուզում ենք ԵՏՄ-ում տեղ ու դիրք ունենալ... Եթե կարողանանք դրսեւորվել, ինչ-որ նորարարությամբ հանդես գալ, ամրապնդվել տնտեսապես, մեզ հետ հարգանքով կխոսեն ոչ միայն ԵՏՄ անդամ պետությունները, այլեւ այլ երկրներ։ Նրանց համար մեր գեղեցիկ խոսքերը նշանակություն չունեն, նրանք նայում են մեր տնտեսության վիճակին:

Բոլոր քաղաքական գործընթացների հիմքում տնտեսությունն է: Ասում են՝ մենք կարեւոր կշիռ ունենք աշխարհաքաղաքական առումով: Չունե՛նք մենք նման նման կշիռ։ Մենք տարածք ենք, որը հիմա կարեւոր է մարդկանց համար, որպեսզի չկրակեն, պատերազմ չլինի։ Ի՞նչ կշռի մասին է խոսքը, երբ 10 միլիարդանոց տնտեսությամբ եվրոպական երկրներ արտահանում ենք միայն հումք: Իրականությունն այն է, որ մենք երրորդ կարգի երկիր ենք: Սա, կարծես, պետք է վիրավորի մեզ, բայց չի վիրավորում, իսկ դա խնդիր է։ Եթե փողոցում ինչ-որ մեկը մի թթու խոսք ասի, կարող ենք դանակով լուծել հարցը, բայց մեր այս վիճակը մեզ չի վիրավորում։ Եթե այս վիճակից դուրս չգանք, կհարմարվենք ու գլուխներս կախ կապրենք՝ Երեւանի կենտրոնում սուրճ խմելով:

Բայց կարող ենք արագորեն զարգանալ: Պետք է հասկանանք, որ երկիր ունենք, թշնամիներ ունենք։ Մենք կարող ենք արագորեն զարգանալ, այո՛, կարող ենք։ Չեմ ասում՝ գնացեք ԱՄՆ-ին խնդրեք, Եվրոպային խնդրեք: Ամենեւին: Բռնեք հայերի ձեռքը, խոսեք նրանց հետ, քայլ առ քայլ առաջ շարժվեք... ունենք այդ ներուժը։ Խոսելով, միտինգներով չենք ուժեղանա։ Մարդկանց գործից կտրում են, ասում են՝ պայքարեք, բայց ո՞ւմ դեմ, ինչի՞ դեմ պայքարեք։ Այսօր հանրությունը կիսվել է։ Տեսեք՝ ինչպես են տրամադրված իշխանամետներն ու ընդդիմադիրները, ինչքան ատելություն կա այս փոքր երկրում։ Ես վստահ եմ, որ մենք կարող ենք շատ արագ առաջ շարժվել, մարդիկ կոգեւորվեն, գործի կանցնեն, կնվիրվեն այդ նպատակներին, որովհետեւ դա է հետաքրքիր եւ ոգեւորող՝ նորարարությունը, ստեղծագործ միտքը, աշխատանքը։ Մոտեցեք չինովնիկին եւ հարցրեք, թե ո՞ւր է տանում երկիրը, ինչո՞վ է զբաղված: Հիմա տեխնոլոգիաներն արագորեն զարգանում են, իսկ Հայաստանի տնտեսությունը հետամնաց է, հիմնականում բազային ոլորտներն են, հումքի արդյունահանումը մեզ համար դարձել է կարեւորագույն ոլորտ: Մեզ համար կարեւոր են դարձել նաեւ տրանսֆերները, որոնք քայքայում են տնտեսությունը։

Եթե մի երկրի համար գյուղատնտեսությունն ու վերամշակումը ռազմավարական ճյուղ են, ուրեմն այդ երկիրը տնտեսություն չունի: Սպասարկման ոլորտը, բանկային համակարգը՝ իր տոկոսադրույքներով, մեր չնչին թոշակները, ծանր սոցիալական բեռը։ Ինչի՞ մասին է խոսքը... Չի կարելի այդպես շարժվել, իշխանություններն ի վիճակի չեն փոխել վիճակը։ Եթե օլիգարխներին չստիպեին շենքեր կառուցել, մեր տնտեսությունն ընդհանրապես ներդրումներ չէր ունենա: Ճանապարհը մեկն է. պետք է լինի հասարակություն, որը պատասխանատվություն է կրում ապագայի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ