Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն Իտալիա իր այցի ընթացքում Հռոմի պապ Ֆրանցիսկոսին է նվիրել արեւի մարտկոցով աշխատող անօդաչու սարքի մոդել, որն ի վիճակի է ինտերնետին մուտք ապահովել աշխարհի նույնիսկ ամենահեռավոր անկյուններում:
Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքում` հրապարակելով քահանայապետի հետ հանդիպման լուսանկարը:
«Մենք քննարկել ենք նաեւ մարդկանց միջեւ կապի կարեւորությունը, հատկապես աշխարհի այն հատվածներում, որտեղ ինտերնետը հասանելի չէ: Մենք նրան Aquila մոդելը նվիրեցինք` արեւի մարտկոցով աշխատող մեր անօդաչու սարքը, որն ինտերնետը հասանելի կդարձնի այն վայրերում, որտեղ ինտերնետ չկա», — գրել է Ցուկերբերգը:
Նա նշել է, որ դա այնպիսի հանդիպում է, որը «մենք երբեք չենք մոռանա» եւ որ ինքն ու կինը զգացել են, թե քահանայապետն ինչ խորապես է հոգ տանում մարդկանց: