News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Քաղաքական աշունը Հայաստանում շատ բուռն սկսվեց։ Սեպտեմբերի 8–ին Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ հեռանում է վարչապետի պաշտոնից։ Կառավարության նիստում նա բացատրեց իր հրաժարականի պատճառները. պաշտոնավարման երկուսուկես տարիների ընթացքում որքան էլ ջանք է գործադրել, չի կարողացել վերացնել բեւեռացվածությունը հասարակությունում, հեռանում է, որ իրենից հետո եկող վարչապետին հնարավորություն տա համախմբել հասարակությանը, քանի որ առանց համախմբման հնարավոր չէ լուծել Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները։  Վարչապետը երկար խոսել է նաեւ իր կառավարության ձեռքբերումների մասին. տնտեսական աճ՝ չնայած բացասական միտումներին, գյուղատնտեսական բազմաթիվ ծրագրեր, կոռուպցիայի դեմ պայքար։ Վերջում Հովիկ Աբրահամյանն ամփոփել է՝ ակտիվ քաղաքականությունից չի հեռանալու։

Ի տարբերություն իր նախորդի՝ Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի հեռանալու լուրը ոչ ոքի անակնկալի չբերեց։ Արդեն տեւական ժամանակ մամուլը գրում էր կառավարության սպասվող փոփոխության մասին, ինչը իշխանությունները չէին հերքում։ Դեռ մի քանի օր առաջ վարչապետի թիմի անդամները սկսել էին ազատել աշխատասենյակները։ 

Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո քննարկման գլխավոր թեման նրա հնարավոր փոխարինողն է, շրջանառվող գլխավոր անունը՝ Կարեն Կարապետյան, նույն ինքը՝ Երեւանի նախկին «դրայվով» քաղաքապետը։ 2011 թվականին նա ընդամենը 11 ամիս մնաց քաղաքապետի պաշտոնում, որից հետո  վերադարձավ բիզնեսի ոլորտ՝ զբաղեցնելով «Գազպրոմ մեժռեգիոնգազ» ընկերության տնօրենի տեղակալի պաշտոնը։

Առաջինը Կարեն Կարապետյանի նշանակման որոշման մասին պաշտոնապես խոսեցին ՀՀԿ–ի կոալիցիոն գործընկերները՝ դաշնակցականները։

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը բնական է համարել կառավարության հրաժարականը՝ նշելով, որ փետրվարի 12-ի նախագահի ելույթով, ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունով, եւ նոր սահմանադրությամբ երկրում նախատեսվում են փոփոխություններ, որոնք ի վիճակի է անել միայն նոր որակի կառավարությունը, որը պետք է համախմբի հասարակությանը։

Ինչո՞ւ հեռացավ Հովիկ Աբրահամյանը։ Փորձագիտական եւ քաղաքական շրջանակներում տարբեր վարկածներ են շրջանառվում։ Կարծիք կա, որ սա Սերժ Սարգսյանի նախընտրական քայլերից է։ Նախորդ ընտրություններից առաջ նա Հովիկ Աբրահամյանին հանել էր Ազգային ժողովի նախագահի պաշտոնից եւ նշանակել Հանրապետականի նախընտրական շտաբի պետ։ Ոմանք էլ կարծում են, որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը իշխանության ներքին բեւեռացվածության հետեւանք է։  Որոշ փորձագետներ համոզված են, որ Հովիկ Աբրահամյանը քավության նոխազ է դարձել. նրան հեռացրել են երկրի ծանր սոցիալ–տնտեսական պայմաններում հասարակական դժգոհությունը մեղմելու նպատակով, իսկ հասարակական դժգոհության ցուցիչը եղել է ՊՊԾ գնդի գրավումից հետո «Սասնա ծռերի» հանդեպ համընդհանուր համակրանքը։ Հենց ՊՊԾ գնդի գրավումից հետո էր, որ Սերժ Սարգսյանն առաջին անգամ խոսեց ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու անհրաժեշտության մասին եւ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը իշխանությունը նեկայացնում է որպես այդ ուղղությամբ առաջին քայլը։

Կարծես թե իշխող կուսակցությունն էլ չի ձգտում հերքել այն վարկածը, որ «Սասնա ծռերի» դեպքն ազդեցություն է ունեցել վերջին գործընթացների վրա։

Կառավարությունում այժմ բոլորը շունչը պահած սպասում են հաջորդ պաշտոնանություններին։ Դաշնակցականները վստահ են, որ առնվազն պահպանելու են իրենց երեք պորտֆելները։ Ըստ մամում շրջանառվող լուրերի՝ հեռանալու է արտգործնախարը։ Ասում են՝ Նալբանդյանը վերադառնալու է Փարիզ՝ դիվանագիտական աշխատանքի, իսկ նրան փոխարինելու է նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։ Ըստ լուրերի՝ հեռանալու են նաեւ գյուղնախարար Սերգո Կարապետյանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, հնարավոր է նաեւ՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ՊԵԿ նախագահ  Հովհաննես Հովսեփյանը։ 

Փաստացի այսօրվանից կառավարության բոլոր անդամները պաշտոնակատարներ են։ Ըստ Սահմանադրության՝ նախագահը վարչապետի հրաժարականը ընդունելուց հետո՝ նոր վարչապետ է նշանակում տասնօրյա ժամկետում։ Վարչապետն էլ՝ նշանակվելուց հետո քսանօրյա ժամկետում ձեւավորում է կառավարություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 21․05․2021
Ողբերգական վթարի հետևանքով ժամկետային զինծառայող է մահացել․․․
Ամենաշատ