News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԿԽՄԿ–ն գլոբալ հարցում է անցկացրել՝ «Մարդիկ՝ պատերազմի մասին 2016»։ Նախորդ անգամ նման հարցում էր անցկացվել 1999 թվականին։

Ինչպես NEWS.am –ին հայտնել են ԿԽՄԿ երեւանյան գրասենյակից, հարցումը, որին մասնակցել է ավելի քան 17 000 մարդ, անցկացվել է հունիս–սեպտեմբեր ժամանակահատվածում 16 երկրներում։ Այդ երկրներից 10-ում հարցումն իրականացնելու պահին զինված հակամարտություն է ընթացել։ Հարցումը ԿԽՄԿ–ի կողմից երբեւէ իրականացված ամենամեծ նմանատիպ միջոցառումն է, որն անցկացվել է նաեւ ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամ երկրների տարածքում (Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա)։ Հարցման արդյունքներին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ www.icrc.org/ru/peopleonwar հղմամբ։

Հարցման արդյունքները վկայում են, որ մարդկանց ճնշող մեծամասնությունը կարծում է, որ պատերազմը պետք է սահմաններ ունենա։

10 հարցվածներից 8-ը կարծում են, որ հակառակորդի վրա հարձակվելիս հրամանատարները պետք է անեն հնարավոր ամեն բան քաղաքացիական անձանց չվնասելու համար։ Նույնքան մարդ էլ կարծում է, որ անթույլատրելի է թշնամուն թուլացնելու նպատակով հարձակվել հիվանդանոցների, շտապ օգնության մեքենաների եւ բուժաշխատակիցների վրա։

Հատկապես մտահոգիչ է այն փաստը, որ հարցման մասնակիցներից 36 տոկոսը կարծում է, որ գերեվարված թշնամուն կարելի է կտտանքների ենթարկել կարեւոր ռազմական տեղեկություն ստանալու համար։ Միայն կեսից պակասն է նման վարքն անթույլատրելի համարում (հարցվածների 48 տոկոսը)։ Համեմատության համար նշենք, որ 1999 թվականին նման մարդկանց թիվը 66 տոկոս էր։

Հետազոտությունը ցույց է տվել, որ հակամարտություններից տուժած երկրների կամ դրանց սահմանակից պետությունների բնակիչները պատերազմի օրենքների մասին մեծամասամբ մարդասիրական պատասխաններ են տալիս։ «Մեծ հնգյակի» երկրներն ավելի հեշտ են համակերպվում այն մտքին, որ քաղաքացիական անձանց շրջանում զոհերն ու բնակչության տառապանքը պատերազմի անխուսափելի մասին է։

Հակամարտություններից տուժած երկրներում ապրող հարցվածների 78 տոկոսը հայտարարել են, որ անթույլատրելի է թշնամուն թուլացնելու նպատակով հարձակվել բնակավայրերում թշնամու ուժերի վրա, եթե հայտնի է, որ հարձակումը քաղաքացիական անձանց շրջանում զոհերի պատճառ կդառնա։ «Մեծ հնգյակի» երկրների բնակիչների միայն 50 տոկոսն է նշել, որ նման գործողություններն անթույլատրելի են։

«Մեծ հնգյակի» երկրներում հարցվածների 26 տոկոսն է նշել, որ քաղաքացիական բնակչությանը առաջին անհրաժեշտության պարագաներից՝ ջրից, պարենից եւ բժշկական ծառայություններից զրկելը ընդամենը «պատերազմի մի մասն է», իսկ պատերազմից տուժած երկրներում այդ ցուցանիշը 14  տոկոս է։

«Գլխավոր եզրակացությունը, որը մենք կարող ենք անել այց հարցման արդյունքում, այն է, որ մարդիկ անկեղծորեն հավատում են միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում՝ Ժնեւի կոնվենցիայի կարեւորությանը եւ նրան, որ քաղաքացիական անձինք պետք է պաշտպանված լինեն հակամարտությունների ժամանակ»,– ասել է ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ