News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի գավաթակիր «Բանանցում» վերջին կես տարում շատ բան է փոխվել՝  գլխավոր տնօրենից մինչ կադրային մեծ փոփոխություն: Թե ինչո՞ւ հեռացան իսպանացի մասնագետները եւ ինչ ուղիով է շարժվելու թիմը NEWS.am-ի հետ զրույցում  պատմեց Բանանցի երիտասարդ գործադիր տնօրեն  Հրաչ Աղաբեկյանը:

Դուք բավական երիտասարդ տարիքում դարձել եք «Բանանց» թիմի գործադիր տնօրեն : Ձեր մասին քիչ բան է հայտնի: Ինչպե՞ս եք եկել ֆուտբոլ:

Մեկ ու կես տարի է ֆուտբոլում եմ: Երբ «Բանանցում» ավելացավ եւս մեկ բաժնետեր, ես ու Ռոման Ասխաբաձեն եկանք թիմ: Նա գլխավոր տնօրեն, ես՝ ֆինանսական հարցերով նաեւ փոխտնօրեն: Մեկ տարի աշխատեցինք Ասխաբաձեի հետ: Նա մեծ պրոֆեսիոնալ է: Նրանից շատ բան սովորեցի, ու նա մեծ փոփոխություններ արեց Բանանցում, ինչի համար շատ շնորհակալ եմ իրենից: Մինչ այդ աշխատել եմ IT ոլորտի կազմակերպությունում՝ կրկին մենեջմենթի բաժնում: Մեկ տարի Ասխաբաձեի հետ աշխատելուց հետո, արդեն հինգ ամիս է, որ ես եմ Բանանցի տնօրենը:

Հայաստանում չկան հաստատություններ, որտեղ կարելի է ֆուտբոլային մենեջմենթ սովորել: Այսինք Ձեր գիտելիքներն ստացել եք Ասխաբաձեի հետ աշխատելու ժամանա՞կ:

Կոնկրետ դասընթացներ չեն եղել: Ես ավելի շատ սովորել եմ՝ աշխատելով:

Եթե անկեղծ, ավելի հեշտ է աշխատել IT ոլորտո՞ւմ, թե՞ ֆուտբոլում:

IT  ոլորտում (ծիծաղում է):

Ասացիք, որ մեկ տարի առաջ թիմը նոր բաժնետեր ունեցավ: Կարծիքներ կան, որ Օլեգ Մկրտչյանը այժմ «Բանանցով» չի զբաղվում, եւ թիմը ամբողջությամբ պատկանում է Ջևան Չելոյանցին:

Չէ, իրականում մենք ունենք երկու բաժնետեր: «Բանանցի» բախտը շատ է բերել, որ երկու բաժնետերերն էլ մեծ պրոֆեսիոնալներ են ու ֆուտբոլի սիրահարներ: Բոլոր հարցերը նրանք միասին են լուծում: Մեր առջեւ նրանք խնդիրներ են դնում, մենք էլ  մեր հերթին ամեն բան անում ենք, որ նրանց գոհացնենք:

Այդպես էլ պարզ չդարձավ՝  ինչո՞ւ Ռոման Ասխաբաձեն հեռացավ: Հատկապես, որ նշում եք՝ շատ լավ էր աշխատում:

Այդ հարցին չեմ կարող պատասխանել: Հնարավոր է, նրա առջեւ խնդիրներ էին դրված, նա կատարեց դրանք եւ հեռացավ: Կամ էլ այն փաստը, որ ութ  թիմը դարձավ վեց ու առաջնությունը մի քիչ անհետաքրքիր դարձավ: Բայց թիմում հաստատ խնդիրներ չկային:

Կես տարում «Բանանցում» ամեն բան փոխվեց: Ասխաբաձեից հետո հեռացավ իսպանացիների մարզչական շտաբը, հետո էլ թիմը հրաժարվեց գրեթե բոլոր լեգեոներներից:

«Բանանցի» մանկապատանեկան դպրոցը լավագույններից է հանրապետությունում: Ճիշտ կլինի, որ մենք մեր երիտասարդներին հնարավորություն տանք: Եթե թիմի կազմը լինեն լեգեոներները, ապա տեղացի ֆուտբոլիստները դժվար կաճեն: Մեզ համար սկզբունքային չէ, որ լեգոեներներ չլինեն: Եթ նրանք մեր լեգեոներներից մի գլուխ բարձր լինեն, ապա այո, կմնան, բայց հավասար ուժերի դեպքում նախապատվությունը կտանք մեր հայ ֆուտբոլիստներին:

Բայց ինչո՞ւ հիմա փոխվեց: Մեկ տարի առաջ էլ կային լավ կադրեր «Բանանցի» դպրոցում:

Կոնկրետ չեմ կարող ասել, թե ինչու հենց հիմա: Իսպանական մարզչական կազմը նախընտրում էր լեգեոներներին: Մենք հասկացանք, որ տարբերությունը այդքան էլ մեծ չէ: Իսկ Բանանցի երիտասարդ թիմում  մենք տեսաք տաղանդավոր երիտասարդներ ու որոշեցինք նրանք տալ հնարավորություն:

Շատերի կարծիքով, ավելի հավանական է թվում, որ մարզիչներից հրաժարվելը ավելի շատ գումարի տնտեսման հետ էր կապված:

Մարզիչների հեռացումը երկկողմանի ցանկությամբ էր: Արդեն ասացի՝ առաջնությունը մնաց վեց թիմով: Առաջնությունը այդքան էլ ուժեղ չէ ու միանգամից մեծ նպատակներ դնել չենք ցանկանում:

Բայց իսպանացիներն այժմ անգործ են, իսկապե՞ս ցանկանում էին հեռանալ…

Կար նաեւ այն պահը, որ իսպանացի մարզիչները այդքան էլ չէին ցանկանա աշխատել այն ֆուտբոլիստների հետ, որոնք համալրեցին թիմը, ինչպես ասացի՝ նրանք ավելի շատ աշխատում էի լեգեոներների հետ: Ընդհանուր հանրագումարի բերելով ամեն ինչ, եկանք այն մտքին, որ հիմա ավելի լավ է բաժանվենք:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը մնաց վեց թիմով: Գաղտնիք չէ, որ թիմերի հիմնական նպատակը Եվրագավաթներում հայտնվելն է: Բանանցը այս պահին նախավերջին տեղում է: Ի՞նչ նպատակներ եք թիմի առաջ դնում գալիք խաղաշրջանում:

Առաջնային նպատակներից է՝ հաղթել Հայաստանի գավաթը: Բանանցը դուրս է եկել կիսաեզրափակիչ: Ցանկանում ենք այս տարի եւս հաղթել ու դուրս գալ եվրագավաթներ: Առաջնությունում էլ ցանկանում ենք միավորներ  վաստակել ու հասնել առաջատարներին:

Կլինե՞ն արդյոք կադրային փոփոխություններ ձմեռային դադարից հետո:

Մեր երկու լեգեոներները գնացին թիմից իրենց ցանկությամբ՝ ընտանեկան պատճառներով, երկուսը մնացին: Կլինեն ավելացումներ: Չեմ կարող ասել տեղացիներով, թե լեգոեներներով: Բայց կարծում եմ կկարողանանք համալրել թիմը եւ սարքել այն մարտունակ:

ՀՖՖ նախագահը իր վերջին ասուլիսում անդրադարձավ նաեւ «Բանացին»՝ ասելով որ թիմը, ունենալով մեծ դպրոց՝ խաղացնում է լեգեոներներին: Այժմ թիմը հրաժարվեց իր գրեթե բոլոր լեգեոներներից: Դա զուգադիպությո՞ւն էր:

Մենք այդ քաղաքականությունն ավելի վաղ էինք սկսել: Պարզապես նոր մարզիչը ցանկացավ իր հետ նոր կադրեր բերել եւ նրա գալով մենք կադրային փոփոխություններ արեցինք:

Գլոբալ փոփոխություններից հետո թիմը հայտնեց աղյուսակի նախավերջին տեղում: Շարունակելո՞ւ եք աշխատել մարզչական շտաբի հետ:

Հավաքից հետո պատկերը այլ պետք է լինի, կարծում եմ: Առաջին թիմից եկած ֆուտբոլիստների մոտ դեռ չհղկվածություն կա: Կարծում եմ՝ հավաքից հետո շատ բան կփոխվի: Պարզ կդառնա, թե ինչպես է իր առջեւ դրված խնդիրները լուծելու մարզիչը:

Պա՞րզ են ձմեռային հավաքի բոլոր ուղղությունները:

Առաջինը Ռուսաստանում՝ Կրասնոդարի մարզում, հետո Թուրքիայում:

Որո՞նք են սպարինգ թիմերը:

Դեռ չգիտենք, բայց Ռուսաստանում կլինի երկու թիմ, Թուրքիայում ՝ հինգ:

Նախորդ տարի հայկական գրեթե բոլոր թիմերը հրաժարվեցին հավաք անցկացնել Թուրքիայում: Դուք ինչպե՞ս եք վերաբերում այնտեղ հավաք անցկացնելու գաղափարին:

Հայաստանի հավաքականն այնտեղ հավաք է անցկացնելու: Մեր թիմում կան ֆուտբոլիստներ, որոնք այնտեղ փորձարկվելու են: Բայց մենք մինչ հավաքականի խաղը որոշել էինք, որ այնտեղ են անցկացնելու հավաքը: Պայմանները հարմար են շատ:

Ինչո՞ւ հեռացավ Զավեն Բադոյանը եւ կվեադառնա՞  նաեւ Պետրոս Ավետիսյանը Բանանց:

Պետրոս Ավետիսյանը պայմանագիր ունի «Բանանցի» հետ ու կվերադառնա, իսկ Զավեն Բադոյանը մինչեւ Արթուր Ոսկանյանի նշանակվել էլ, միշտ չէր, որ տեղ գտնում հիմնական կազմում: Երբ Ոսկանյանը եկավ թիմ, միտք կար թիմը կառուցել Բադոյանի շուրջ՝ որպես արդեն փորձառու ֆուտբոլիստի: Նրան տրվեց մի քանի հնարավորություն, բայց մենք տեսանք, որ ժամանակն է եկել հրաժարվել նրանից:

«Բանանցը» նոր շունչ բերեց հայկական ֆուտբոլ, մասնավորապես, անմիջական շփում երկրպագուների հետ, սոցիալական ծրագրեր, այցելություններ մանկատներ: Այդ ամենը շարունակվելո՞ւ է:

Այդ ամենը շարունակվում է: Ավելին՝ ավելի ենք ակտիվացել: Այցելում ենք դպրոցներ, գնում ենք թատրոններ: Մեծ աշխատանք ենք կատարում երկրպագուների հետ: Հայկական ֆուտբոլը ծանր վիճակում է գտնվում ու դժվար է մարդկանց բերել մարզադաշտ, բայց մենք անում ենք ամեն բան որպեսզի մարդկանց կրկին մարզադաշտերը լցվեն,  քանի որ առանց երկրպագուի չկա ֆուտբոլ:

Ես կարող եմ սխալվել, բայց երկրպագուների քանակը, կարծես, վերջին տարում շատ չի ավելացել:

Ֆեդերացիայի տվյալներով «Բանանցը» երկրպագուների քանակով երկրորդն է Գանձասարից հետո: Կոնկրետ թվեր չունենք, բայց աճ հաստատ գրանցվել է:

Կարելի՞ է ասել, որ այսօրվա «Բանանցը» ավելի շատ ոչ թե ներկայի թիմ է, այլ ապագայի՝ դուք նոր սերունդ եք պատրաստում հետագա նպատակների համար:

Ունենալով այսպիսի դպրոց, մենք չենք կարող շեշտը չդնել ապագայի վրա: Մենք ունենք բազային խումբ, որտեղ սովորում է 330 երեխա և պրոֆեսիոնալ, որտեղ էլ սովորում է400  երեխա: Մեր ակադեմիայի թիմերից հինգից չորսը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են առաջին տեղերը: Իհարկե, նպատակը դա չէ: Շատ հիմքեր դրել են իսպանացիները, ու մենք հիմա քաղում ենք այդ պտուղները: Պատանիների լավ թիմեր ունենք, որոնք չեն կարող չլինել մեր ապագան: Իսկ հիմնական թիմի հետ էլ այս հավաքներից հետո մենք ակնկալում եմ լիովին այլ «Բանանց»:

Վերա Մարտիրոսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ