News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հրանտ Դինքը ճնշման է ենթարկվել Հայոց Ցեղասպանության վերաբերյալ իր մոտեցումների եւ հայտարարությունների համար։ Այդ մասին ասել է ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը՝ հունվարի 19-ին ԵԱՀԿ Մշտական Խորհրդի 1128-րդ նիստին հանդես գալով հայտարարությամբ՝ նվիրված «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր, ականավոր լրագրող եւ մտավորական Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցին:

Դեսպանն իր խոսքում ընդգծեց, որ Հայաստանի առաքելության կողմից տարիներ շարունակ այդ հարցը պարբերաբար բարձրացվել է, ինչին թուրքական պատվիրակությունը մշտապես պատասխանել է, թե անհրաժեշտ է սպասել հետաքննության արդյունքներին:

Դեսպան Կիրակոսյանն արձանագրեց, որ մեկ տասնամյակ անց դատավարությունն ի հայտ չի բերել սպանության կազմակերպիչներին՝ լիովին կիսելով ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի նույնանման գնահատականը:

Դեսպանը նաեւ համոզմունք հայտնեց, որ լրագրողների, համայնքային առաջնորդների եւ մտավորականների նկատմամբ բռնությունների ու սպանությունների բացահայտման ձախողումը ստեղծում է անպատժելիության մթնոլորտ եւ դրանով իսկ խրախուսում անհանդուրժողականությունը:

Նա իր խոսքում հիշատակեց, որ Հրանտ Դինքը ճնշման է ենթարկվել Հայոց Ցեղասպանության վերաբերյալ իր մոտեցումների եւ հայտարարությունների համար: «Ցավոք, Դինքի սպանությունից տաս տարի անց Թուրքիայում շարունակում է գերակայել ճշմարտության եւ արդարության ձգտող անձանց լռեցման նույն գործելաոճը: Դրա մասին է վկայում Թուրքիայի խորհրդարանի նիստերին պատգամավոր Գարո Փայլանի մասնակցության արգելքը: Տեղեկություններ են հայտնվել անգամ, որ որոշ քաղաքական կուսակցություններ փորձում են քրեական գործ հարուցել նրա դեմ՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա խոսքը համարելով այլատյացություն» -նշեց դեսպանը:

Արման Կիրակոսյանն ընդգծեց, որ Թուրքիան ԵԱՀԿ-ում իրեն ներկայացնում է որպես կրոնական խմբերի հանդեպ հանդուրժողականության եւ խտրականության վերացման ջատագով՝ միաժամանակ հանդուրժողականության չցուցաբերելով բնիկ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ, որոնց որոշ հատվածներ կարողացել են վերապրել ու գոյատեւել մերօրյա Թուրքիայում:

Կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համատեքստում դեսպան Կիրակոսյանը հիշեցրեց թուրքական պատվիրակությանը, որ հայկական կողմն արդեն իսկ մեկ տարի է սպասում է Թուրքիայի պարզաբանումներին՝ թուրքական իշխանությունների կողմից Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու եւ դրա տարածքի առգրավման հետ կապված:

Տպել
Ամենաշատ